Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

''Մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ'' VII միջազգային գիտաժողովը

Արդեն 7-րդ անգամ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» գիտագործնական ամենամյա գիտաժողովը իր շուրջն էր հավաքել մասնագետների, որոնց միավորում են կնոջ, մոր և մանկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները։

 

2000 թ., երբ բժիշկների համար մասնագիտական գրականություն ձեռք բերելու հնարավորությունները բավականին սահմանափակ էին, ու հազվադեպ էին գումարվում մասնագիտական ուղղվածություն ունեցող գիտաժողովներ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) գիտական խորհրդի նիստում որոշում կայացվեց կազմակերպելու գիտաժողով, որը փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորություն կընձեռեր այն բոլոր բժիշկներին, որոնք զբաղվում էին մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Հենց առաջին գիտաժողովում էլ որոշում ընդունվեց այն պարբերական դարձնելու մասին։

 

Վերջերս կայացած թվով արդեն 7-րդ գիտաժողովը նույնպես նպատակ էր հետապնդում նպաստելու այս բնագավառում կուտակված խնդիրների լուծմանը և մասնակիցներին ծանոթացնելու տարբեր հաստատություններում իրականացված գիտական ու գործնական հետազոտությունների նոր արդյունքներին։

 

Գիտաժողովը բացեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն պրոֆ. Գ.Գ. Օկոևը` գիտնական, որն անուրանալի ավանդ ունի մեր երկրում մանկաբարձության և գինեկոլոգիայի զարգացման գործում։ Նրա անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ են իրականացվել արտամարմնային բեղմնավորումները (ԱՄԲ), որոնց արդյունքում էլ 2004 թ. Հայաստանում ծնվել են առաջին «փորձանոթային» երեխաները։

 

 

Արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման հաջողությամբ ավարտված առաջին փորձը կատարվել է Անգլիայում 1978 թ.։ ԱՄԲ կիրառման շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է անպտղության բուժումը։ Սակայն պետք չէ մոռանալ, որ անպտղությունը մոտ 40% դեպքերում պայմանավորված է տղամարդկային գործոնով։ Ժամանակակից բժշկությունը ի զորու է մասամբ հաղթահարելու նաև այս խնդիրները։ ICSI (սպերմատոզոիդի ներցիտո-պլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ) մեթոդը թույլ է տալիս երեխա ունենալ նաև տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղության դեպքում։ 2006 թ. ՄՄԱՊԳՀԿ ներդրվել և հաջողությամբ իրականացվում է արտամարմնային ICSI-ի մեթոդով բեղմնավորումը ևս։ Ի տարբերություն ԱՄԲ դասական մեթոդի, երբ բուն բուժման համար անհրաժեշտ են մեծ թվով սպերմատոզոիդներ, ICSI-ի դեպքում ձվաբջջի ցիտոպլազմա է ներարկվում միայն մեկ սպերմատոզոիդ։ Դրանով իսկ այս մեթոդը հայրության հնարավորություն է տալիս այն մարդկանց, որոնք որևէ այլ հանգամանքներում և բուժման այլ մեթոդներով չէին կարող հարազատ երեխա ունենալ։

 

Գիտաժողովի ընթացքում Մ. Մկրտչյանի զեկուցման մեջ ներկայացվեցին Կենտրոնում արտամարմնային բեղմնավորման ICSI-ի կիրառման 44 դեպքերի արդյունքները։ Դրանցից 16-ի դեպքում (36,4%) հղիությունը կայացել է, որոնցից 9-ը ավարտվել են ծննդաբերությամբ, իսկ 7 հղիություններ դեռևս ընթացքի մեջ են։

 

Ստացված արդյունքները հուսադրող են և համապատասխանում են աշխարհում այլ կենտրոնների տվյալներին։ Հուսադրող, որովհետև հնարավորություն են ընձեռում հրաժարվելու դոնորական սպերմայի օգտագործումից և արմատախիլ են անում թերի հայրության գաղափարը։

 

Կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման խնդիրն ունի ոչ միայն կարևոր բժշկական, այլ նաև սոցիալական նշանակություն։ Ըստ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների` չբերության հաճախականությունը երկրագնդի վրա տատանվում է 8-25%-ի սահմաններում։ Չբերության կառուցվածքում զգալի տեղ են գրավում էնդոկրին խանգարումները։ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը (ՁՊՀ) էնդոկրինոպաթիաների առավել հաճախ հանդիպող ձևերից մեկն է։

 

 

ՁՊՀ ախտորոշվում է վերարտադրողական տարիքի կանանց 5-15%-ի մոտ։ Տարբեր հեղինակների տվյալներով՝ ՁՊՀ դիտվում է անօվուլյատոր չբերությամբ, հիրսուտիզմով և հիպերանդրոգենեմիայով տառապող կանանց համապատասխանաբար 73,85 և 95% դեպքերում։ Հայտնի է, որ ՁՊՀ տառապող կանանց մեծամասնության մոտ, անկախ մարմնի քաշից, զարգանում է ռեզիստենտություն ինսուլինի նկատմամբ, ինչի հետևանքով գրանցվում է ինսուլինի մակարդակի բարձրացում։ Նման հիվանդների բուժման համար անհրաժեշտ է օգտագործել դեղամիջոցներ, որոնք բացասաբար չեն ազդի ինսուլինի նկատմամբ գլյուկոզայի տոլերանտության վրա։ Բուժման նպատակով օգտագործվող համակցված դեղահատային հակաբեղմնավորիչների ածխաջրատային և ճարպային փոխանակության վրա ազդեցության մասին տվյալները ՁՊՀ կանանց մոտ հակասական են։ Այս թեմային էր նվիրված Ն. Ֆրոլովայի (Հայաստան) զեկուցումը, որի ընթացքում հեղինակը հանգամանորեն ներկայացրեց ՁՊՀ կանանց ստերոիդ հակաանդրոգեններով բուժման ազդեցությունը նյութափոխանակության ցուցանիշների վրա։ Նշվեց, որ նման բուժումը կարող է խթանել նյութափոխանակային խանգարումների զարգացումը, հետևաբար բուժման ընթացքում պետք է իրականացնել ոչ միայն հորմոնալ, այլև նյութափոխանակման ցուցանիշների հսկողություն։ Ստացված տվյալները թույլ են տալիս առաջարկել հիպերանդրոգենիայի հահամալիր թերապիայից հետո իրականացնել մետֆորմինով բուժում` չեզոքացնելու համար նյութափոխանակության վրա ստերոիդային հակաանդրոգեններով բուժման բացասական ազդեցությունը։

 

ՁՊՀ տառապող կանայք չբերության բուժման նպատակով հաճախ դիմում են ԱՄԲ։ ՄՄԱՊԳՀԿ տվյալներով` ԱՄԲ դիմած կանանց 28%-ի մոտ ախտորոշվել է ՁՊՀ։ Նման հիվանդների գերձվազատման խթանման առանձնահատկությունները պայմանավորված են ձվարանների գերխթանման համախտանիշի առաջացման բարձր հավանականությամբ։ Ուստի ԱՄԲ ծրագրում ՁՊՀ կանանց գերձվազատման խթանման ճիշտ ընթացակարգի ընտրությունը կարևոր նշանակություն է ստանում, քանի որ մի կողմից այն պետք է լինի արդյունավետ, իսկ մյուս կողմից թույլ տա խուսափել ձվարանների գերխթանման համախտանիշի զարգացումից։

 

Այս թեման էր արծարծվում Հ. Պետրոսյանի զեկուցման մեջ։ Ներկայացվեց ՁՊՀ կանանց գերձվազատման խթանման 2 տարբեր ընթացակարգերի համեմատական վերլուծությունը։ Ստացված տվյալները անկասկած կնպաստեն բուժման գործընթացին` ապահովելով համարժեք ֆոլիկուլոգենեզ, բարձր որակի սաղմերի ստացում և հղիության բարձր հաճախականություն։

 

Շաքարախտի և հղիության խնդիրը գտնվում է մանկաբարձների, էնդոկրինոլոգների և նեոնատոլոգների ուշադրության կենտրոնում, քանի որ այն ուղեկցվում է մանկաբարձական բարդությունների, պերինատալ հիվանդացության և մահացության բարձր հաճախականությամբ և ունի բացասական ազդեցություն մոր և մանկան առողջության վրա։ Այս թեմային էր նվիրված պրոֆ. Ռ. Կուրաշվիլու (Վրաստան) զեկուցումը։ Նա մասնավորապես նշեց, որ 1997 թ. Վրաստանում գործող շաքարախտի բուժման կենտրոնում իրականացվում է «Շաքարախտը հղիության ժամանակ» ծրագիրը։ Ներկայացվեցին այդ ծրագրի արդյունքները։ Հսկողության տակ են գտնվել շաքարախտով հիվանդ 118 հղիներ, հեստացիոն շաքարախտով` 39։ Կատարված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ հղիության ժամանակ գլիկեմիայի հսկողությունը զգալիորեն նվազեցնում է ինքնաբեր վիժումների ռիսկը, պերինատալ մահացությունը, էկլամպսիայի հաճախականությունը։

 

 

Հակաբիոտիկաթերապիան այսօր ամենաարդիական խնդիրներից մեկն է, քանի որ երրորդ հազարամյակում մանրէների էկոլոգիական տեղաշարժերը առաջ են անցնում ֆարմակոթերապիայի տեխնիկական հնարավորություններից։ Ըստ համաշխարհային փորձագետների տվյալների` 50% դեպքերում հակաբիոտիկներ նշանակվում են առանց հիմնավորման։ Ա. Սարգսյանի զեկուցումը նվիրված էր ռացիոնալ հակաբիոտիկաթերապիային։ Հեղինակը ներկայացրեց հակաբիոտիկների նկատմամբ կայունության և զգայունության փոփոխման դինամիկան։ Նշվեց, որ այն մանրէները, որոնք արտաքին միջավայրում ձեռք են բերել կայունություն տարբեր հակասեպտիկների նկատմամբ, օրգանիզմում ցուցաբերում են կայունություն հակաբոիտիկների հանդեպ։ Օրեցօր դժվարանում, երբեմն նույնիսկ անհնար է դառնում համարժեք հակաբիոտիկի ընտրությունը։ Ըստ զեկուցողի` հակաբիոտիկների նկատմամբ կայունության առաջացման պատճառը հենց հակաբիոտիկների կիրառումն է։ Սա գլոբալ խնդիր է, ու այս ուղղությամբ միջոցառումները պետք է իրականացնել հենց այսօր։ Եվ առաջին քայլը պետք է լինի հիվանդանոցներում հակաբիոտիկների զգայունության տեղային մոնիտորինգը։

 

Այսօր գերձայնային հետազոտությունը հանդիսանում է մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում օգտագործվող ամենատարածված հետազոտության մեթոդներից մեկը։ Սակայն հետազոտման արդյունքների մեկնաբանությունը միանշանակ չէ, ինչը դժվարացնում է հիվանդի հետագա վարման և բուժման ճիշտ տակտիկայի մշակումը։ Այս հարցերին էր նվիրված պրոֆ. Ա. Պապիտաշվիլու (Վրաստան) զեկուցումը։ Նա մանրակրկիտ կերպով ներկայացրեց գինեկոլոգիական պրակտիկայում գերձայնային հետազոտության նորմատիվային ցուցանիշները։ Զեկուցման մեջ նշվեցին այն բացասական գործոնները, որոնք կարող են ազդել հետազոտության արդյունքների ճշգրտության վրա` նվազեցնելով վերջինիս արդյունավետությունը։

 

Աշխարհի բոլոր երկրներում այսօր գրանցվում է սեռավարակների թվի աճ։ Հաճախ սեռավարակները ընթանում են առանց յուրահատուկ ախտանիշների, որը հանդիսանում է ուշ ախտորոշման պատճառ` հանգեցնելով քրոնիկ բորբոքային հիվանդությունների, արտարգանդային հղիության, չբերության, հղիության և ծննդաբերության բարդացած ընթացքի, նորածինների հիվանդությունների։ Ք. Աբրահամյանը ներկայացրեց սեռավարակների բուժման ժամանակակից մոտեցումները։ Վերջին տարիների ընթացքում վիլպրաֆենը հաջողությամբ կիրառվում է սեռավարակների բուժման նպատակով, այդ թվում և հղիության ժամանակ, քանի որ ապացուցված է դրա էմբրիոտոքսիկ և տերատոգեն ազդեցության բացակայությունը։

 

Գիտաժողովին ներկայացված տարբեր բուժհաստատությունների բժիշկների գիտագործնական աշխատանքները տպագրվել են առանձին ժողովածուով, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու դրանց արդյունքներին ոչ միայն գիտաժողովի մասնակիցներին, այլև բոլոր այն մասնագետներին, ովքեր չեն կարողացել անմիջական մասնակցություն ունենալ գիտաժողովի աշխատանքներին։

 

Հուսով ենք, որ ավանդական դարձած գիտաժողովը 2008 թ. կներկայանա է'լ ավելի հետաքրքիր գիտագործնական տվյալներով և լայն աշխարհագրությամբ

Հեղինակ. Լիլիթ Կոջոյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2-2008 (10)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի ներկրման հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում

Դեղերի որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է դեղերի ներմուծման հսկողությունը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեր երկրի համար, քանի որ ՀՀ գրանցված դեղերի միայն 7-8%-ն է տեղական արտադրության...

Դեղագործական շուկա
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...

Թվեր և փաստեր Ասոցիացիաներ
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard

- Ներկայանամ. Ֆրեդերիկ Աշեր, մասնագիտությամբ դեղագործ։ Ապրում և աշխատում եմ Միջերկրական ծովի ափին գտնվող ամենագեղեցիկ քաղաքում` Նիսում։ Ունեմ դեղատնային ցանց, որն իր մեջ ներառում է 8 դեղատուն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը...

Բժշկի ընդունարանում Ասոցիացիաներ Բժիշկներ
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Բժիշկ-արվեստագետ
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...

Արդյոք Լյուդովիկոսի այս տխրահռչակ ասույթը չէ՞ ընկած այն մարդկանց, կազմակերպությունների, նույնիսկ ՀՀ կառավարության բարձրաստիճան այրերի հոգեբանության հիմքում, որոնք այնքան ջերմեռանդորեն...

Հրատապ թեմա Հայաստանում
Ծերությունը և դեղերը
Ծերությունը և դեղերը

Ձեր դեղատան հաճախորդների մեջ հավանաբար քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն եվ դեղաբանին...

Ծերություև և երկարակեցություն
Н և К վիտամիններ
Н և К վիտամիններ

Վիտամին H։ Բիոտինն անհրաժեշտ է մաշկի բնականոն գործունեության համար, այն մտնում է ամինաթթուների և ճարպաթթուների նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների մեջ...

Վիտամիններ և միներալներ
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել

Արդի բիոտեխնոլոգիայի բնագավառում գրանցված նվաճումները` գենետիկորեն փոխակերպված (ԳՓ) օրգանիզմները, աշխարհի շատ երկրներում օգտագործվում են զուտ բժշկական, գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության նկատառումներով...

Սնունդը և առողջությունը
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ

Դարեր շարունակ օձերը համարվել են առեղծվածային արարածներ, որոնք միևնույն ժամանակ և՛ հիացմունքի, և ՛ սարսափի առարկա են եղել։ Շատ ու շատ հին քաղաքակրթություններում այդ սողունը առասպելների և ծիսական արարողությունների գլխավոր «անձն» էր։ Նա իմաստության և գիտության խորհրդանիշն է և, միևնույն ժամանակ, կարող է խորհրդանշել անկանխատեսելիությունն ու նենգությունը։ Պատահական չէ, որ քրիստոնեության մեջ օձը մի կողմից սատանայի բիբլիական հոմանիշն է, մյուս կողմից` վերածնման և ապաքինման խորհրդանիշը......

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Տիկնայք և պարոնայք
Տիկնայք և պարոնայք

Տղամարդու և կնոջ միջև անհամաձայնությունները սկսվեցին երևի թե հենց այն ժամանակ, երբ մեր նախածնողները` Ադամն ու Եվան, վտարվեցին դրախտից...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ