Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Ռևմատիզմ

Շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում է սիրտը։

 

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Հիվանդության հիմնական պատճառը շարունակում են համարել A խմբի Bհեմոլիտիկ ստրեպտոկոկը։ Ռևմատիզմի ձգձգվող և անընդմեջ կրկնվող ընթացքի դեպքում հիվանդության կապը ստրեպտոկոկի հետ ոչ միշտ է հնարավոր հաստատել։ Բացի առաջնային վարակային ազդակից, հիվանդության զարգացման գործում կարևոր դեր ունեն իմունոգենեզի և օրգանահյուսվածքային ռեակտիվականության զգալի խանգարումները։ Այդ տեսակետից մեծ դեր է տրվում աուտոալերգիային։ Ենթադրվում է, որ սկզբնական շրջանում զգայունացնող գործոնները կարող են առաջացնել սրտի ալերգիկ բորբոքում, իսկ հետագայում նրա բաղադրամասերի հակածնային հատկությունների փոփոխման շնորհիվ, վերածվել ինքնահակածինների և առաջացնել աուտոիմուն պրոցեսներ։ Այդ է վկայում նաև ռևմատիզմով հիվանդների արյան շիճուկում սրտային հյուսվածքի նկատմամբ ազատ շրջանառվող աուտոհակամարմինների առկայությունը։ Աուտոիմուն պրոցեսների զարգացման առումով հարցադրվում է նաև անհատական ձեռքբերովի կամ ժառանգված նախահակման հնարավորությունը, որը նպաստում է հիվանդության առաջացմանը։ Մեծ նշանակություն է տրվում ժառանգական գործոններին։ Չնայած իմունիտետի և ներքին միջավայրի հոմեոստազի ժառանգական մեխանիզմները դեռևս գտնվում են հետազոտման ընթացքում, այնուհանդերձ, ռևմատիզմը կարելի է դասել ժառանգական նախահակում ունեցող հիվանդությունների շարքին։ Չի կորցրել իր նշանակությունը և ռևմատիզմի ախտածագման այն սխեման, որը ժամանակին մշակել և առաջարկել է Ա.Ի. Նեստերովը։ Ստրեպտոկոկային վարակի նկատմամբ օրգանիզմի պաշտպանողական ռեակցիաների թուլության պատճառով (ժառանգականորեն պայ-մանավորված կամ ձեռքբերովի) ստրեպտոկոկի հանդեպ իմունիտետ չի զարգանում։ Առաջանում է օրգանիզմի գերզգայուն վիճակ, շարակցական հյուսվածքի, առաջին հերթին՝ սրտի և անոթների, ալերգիկ գերակտիվ ռեակցիա։ Գոյանում են ինքնահակածիններ և ինքնահակամարմիններ, որոնք ազդում են օրգանիզմի հյուսվածքների վրա և առաջացնում շարակցական հյուսվածքի կազմալուծում։ Այսպիսով, ռևմատիզմի զարգացման համար, բացի առաջնային վարակային գործոնից, անհրաժեշտ են իմունոգենեզի և օրգանահյուսվածքային ռեակտիվականության զգալի խանգարումներ, որոնք առաջնակարգ դեր են խաղում հիվանդության ծագման մեջ։

Ռևմատիզմի ժամանակ համակարգային բորբոքական պրոցեսը հյուսվածաբանորեն արտահայտվում է շարակցական հյուսվածքի բնորոշ փուլային փոփոխություններով (մուկոիդ ուոճեցում, ֆիբրինոիդ փոփոխություններ, ֆիբրինոիդ նեկրոզ) և բջջային ռեակցիաներով (լիմֆոցիտային և պլազմոցիտային ներսփռանքներ, Աշոֆ-Տալալաևի գրանուլոմաների առաջացում)։ Նշված բջջային ռեակցիաները տվյալ հիվանդության դեպքում գնահատվում են որպես ալերգիայի հյուսվածքաբանական արտացոլում։

 

Կլինիկան։ Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է կրած ստրեպտոկոկային (անգինա, քութեշ) կամ այլ վարակային հիվանդություններից 10-14 օր հետո։ Ռևմատիզմը կարող է սկսվել ուժեղ մրսածությունից։ Հաճախ հիվանդության ռեցիդիվները զարգանում են միջընթաց հիվանդություններից, վիրահատական միջամտություններից, շիճուկի կամ վակցինայի ներարկումից հետո։ Երեխաների մոտ հիվանդության սկիզբը հաճախ սուր է։ Նկատվում է ջերմության բարձրացում, թուլություն, գլխացավ, քրտնոտություն, ցավեր հոդերում և սրտի շրջանում։ Հիմնական արտահայտություններից է սրտանոթային համակարգի ախտահարումը։

Ռևմատիկ միոկարդիտի կլինիկան կախված է սրտամկանի ախտահարման պրոցեսի տարածվածությունից։

Միոկարդիտի թեթև ձևերը հաճախ չեն ախտորոշվում, իսկ հիվանդները դիտվում են որպես «ոչ ակնհայտ սրտային փոփոխություն» ունեցողներ (Ա.Ի. Նեստերով)։

Մանկական տարիքում ավելի հաճախ է հանդիպում դիֆուզ միոկարդիտը, որն արտահայտվում է գունատությամբ, հևոցով, սրտի շրջանում ցավերով կամ անախորժ զգացումով։ Գագաթային հրոցը թուլացած է, պերկուսիայի միջոցով հայտնաբերվում է սրտի սահմանների փոքր լայնացում։ Սրտի տոները հաճախ խլացած են, երբեմն լսվում է «գալոպի» ռիթմ, սրտի գագաթում և V կետում՝ սահմանափակ հաջորդականության նուրբ սիստոլային աղմուկ։ Էլեկտրասրտագրի քննությունը հաճախ հայտնաբերում է նախասիրտ-փորոքային հաղորդչականության դանդաղում (PQ ինտերվալի, երբեմն բլոկադայի հասնող երկարում), էքստրասիստոլային առիթմիա (մեծ մասամբ՝ նախասրտային)։ Դիտվում է նաև դիսոցիացիա՝ ինտերֆերենցիայով, ատամիկների փոփոխություններ, ամպլիտուդայի իջեցում. T ատամիկը դառնում է երկփուլանի կամ բացասական, ST ինտերվալը շեղվում է։ Ծանր դեպքերում կարող է լինել նախասրտերի թրթռում կամ շողացում։

Ռևմատիկ միոկարղիտի ժամանակ զարկերակային արյան ճնշումը հաճախ ցածր է լինում, իսկ երակայինը՝ բարձրացած։ Դա կապված է միոկարդի կծկողական ունակության ընկճման հետ։

Ռենտգենաբանական քննությամբ հայտնաբերվում է սրտի սահմանների չափավոր մեծացում, սրտի պուլսացիայի թուլացում։
Երեխաների ռևմատիկ միոկարղիտը հաճախ բարորակ ընթացք է ունենում, բայց երբեմն կարող է լինել և ծանր բնույթի։ Հիվանդի մոտ դիտվում է կապտուկ, լյարդի մեծացում, ցավեր, սրտի անբավարարության երևույթներ։ Հիվանդն ընդունում է հարկադրական՝ կիսանստած դիրք։ Սրտի խոռոչների խիստ լայնացման հետևանքով առաջանում է միտրալ բացվածքի հարաբերական նեղացում և սրտի գագաթում լսվում է դիաստոլային աղմուկ։ Միոկարդիտի նման ծանր դեպքերը կարող են ավարտվել սրտամկանի սկլերոզային փոփոխություններով։

Սրտի ռևմատիկ ախտահարման դեպքում օրինաչափորեն վնասվում են նաև պսակաձև անոթները։ Սակայն այդպիսի ախտահարումները մեծ մասամբ չեն ախտորոշվում։ Դա բացատրվում է նրանով, որ պսակաձև անոթների ախտահարման բնորոշ կլինիկական պատկեր հայտնաբերվում է միայն այն դեպքերում, երբ պրոցեսի մեջ ընդգրկված են պսակաձև զարկերակների խոշոր ճյուղերը, մինչդեռ մանր ճյուղերի ախտահարումը մեծ մասամբ ընթանում է առանց ախտանիշների։
Արտահայտված կորոնարիտների դեպքում (հանդիպում են միայն ռևմատիզմի ակտիվ փուլում) առաջանում են սրտի ուժեղ, տանջող բնույթի ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ձախ թիակը։ Այդ ցավերը պայմանավորված են սրտամկանի սնուցման խանգարմամբ։ էլեկտրասրտագրական քննությամբ հայտնաբերվում է T ատամիկի փոփոխություն, իզոէլեկտրիկ գծից ST ինտերվալի շեղում, Q ատամիկի մեծացում։ Կորոնարիտները սովորաբար դիտվում են հիվանդության ծանր ընթացքների ժամանակ։ Երեխաների մոտ սրտամկանի ինֆարկտ բացառիկ դեպքերում է լինում։

Թեմատիկ էնդոկարդիտը զարգանում է փականների Ենթաէնդոթելային հյուսվածքի ախտահարման հետևանքով։ Առաջանում են ռևմատիզմային վալվուլիտներ։

 

Հոդերի ախտահարումը ռևմատիզմի արտասրտային ախտահարումներից ամենատարածվածն է։

Ռևմատիկ պոլիարթրիտը սկսվում է սուր, բարձր ջերմությամբ, հոդային համախտանիշով, որն արտահայտվում է ուժեղ հոդացավերով։ Հոդերn այտուցվում են, շոշափելիս տաք են, ցավերի պատճառով նրանց շարժումները սահմանափակ են։ Հաճախ վնասվում են ծնկային, սրունք-թաթային, նախադաստակ-դաստակային, արմնկային հոդերը։ Երբեմն ախտահարվում են և մանր հոդերը՝ ֆալանգային, ողնաշարային և այլն։ Ռևմատիզմին բնորոշ է մի քանի հոդերի ախտահարումը և հոդաբորբերի թռչող բնույթը։

Անհրաժեշտ է նշել, որ ներկայումս ռևմատիզմային խիստ արտահայտված պոլիարթրիտները հազվադեպ են հանդիպում։
Ռևմատիզմի ժամանակ հոդերի ախտահարումը կարող է ընթանալ միայն հոդացավերի ձևով, առանց այլ բորբոքային ախտանիշների։

Թեև շատ հազվադեպ, բայց կարող է ախտահարվել միայն մեկ հոդը։ Անկախ հոդային ախտահարման երևույթների ծանրությունից ու տևողությունից, դրանք վերանում են և երբեմն իրենցից հետո կայուն փոփոխություններ ու հոդերի ապաձևում չեն առաջացնում։

 

Որովայնային համախտանիշը արտահայտվում է որովայնի սուր ցավերով։ Հաճախ դրանք ի հայտ են գալիս ռևմատիզմի գրոհի սկզբում, բայց կարող են լինել և հիվանդության ընթացքում` վկայելով հիվանդության սրացման մասին։ Որովայնի ցավը որովայնամզի կամ որովայնի անոթների հիպերերգիկ ռեակցիայով է բացատրվում։ Ըստ էության, դրանք արագ անցնող ալերգիկ պերիտոնիտ կամ վասկուլիտ Են։ Չի բացառվում նաև, որ որովայնային համախտանիշը կարող է լինել պլևրայի և պերիկարդի բորբոքման հետևանքով առաջացած ցավերի ճառագայթման արդյունք։

Որովայնային համախտանիշը հաճախ սկսվում է որպես ռևմատիզմի սուր գրոհ և ուղեկցվում է ջերմության բարձրացումով, հիվանդի ընդհանուր դրության վատացումով։ Ցավերը նոպայաձև են, սովորաբար լինում են տարածված ամբողջ որովայնում կամ պորտի շրջանում՝ հազվադեպ ուղեկցվում են սրտխառնությամբ և փսխումով։ Ցավերի մեղմացման ժամանակ հիվանդների ընդհանուր դրությունը բարելավվում է, մկանները թուլանում են, որովայնի շոշափումը ցավ չի պատճառում։ Այդ համախտանիշը դիտվում է ռևմատիզմի ակտիվ փուլում և կարոդ է զուգորդվել ակտիվ պրոցեսին բնորոշ այլ նշանների հետ։

 

Ռևմատիկ պլևրիտը, ինչպես նաև մյուս սերոզիտները (շճաբորբեր), ի հայտ են գալիս ռևմատիզմի միայն ակտիվ փուլում։ Այն բավական հաճախ զուգորդվում է ռևմատիկ թոքաբորբով։ Առանձին դեպքերում պլևրիտը կարող է լինել ռևմատիզմի միակ սկզբնական արտահայտությունը։

Ռևմատիկ պլևրիտը կարող է լինել ֆիբրինային և էքսուդատիվ բնույթի։ Չոր պլևրիտը արտահայտվում է հազով, կրծքավանդակի շրջանի ծակոցներով և պլևրայի քսման աղմուկով։

Ռևմատիկ էքսուդատիվ պլևրիտների դեպքում ներթորանքը մեծ մասամբ քիչ է լինում, այդ պատճառով էլ ոչ ուշադիր քննության ժամանակ կարող է չհայտնաբերվել։

Պերկուսիայի ժամանակ հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում և թեթևակի թուլացած շնչողություն՝ թիակից ցած և անութային շրջանում։ Ըստ բնույթի էքսուդատը լինում է շճային կամ շճաֆիբրինային և միշտ ստերիլ։

Ռևմատիկ պլևրիտները հաճախ լինում են երկկողմանի և բուժման ընթացքում արագությամբ են վերանում։

 

Ռևմատիկ թոքաբորբերը, որպես կանոն, հանդես են գալիս հիվանդության արդեն զարգացած ֆոնի վրա։

Կլինիկորեն ռևմատիկ թոքաբորբն ընթանում է մանրօջախայրն կամ միաձուլվող բրոնխոպնևմոնիայի տիպով։ Դիտվում է հևոց, հազ։ Պերկուսիան միաձուլվող ձևի դեպքում հայտնաբերում է պերկուտոր հնչյունի բթացում՝ սահմանափակ տարածության վրա։ Ականջելիս լսվում են թաց խզզոցներ, շնչառությունը՝ բրոնխային երանգով։ Որոշ դեպքերում թոքաբորբը կարող է լինել բլթայրն։ Վերջինիս համար բնորոշ են ցավերը կրծքավանդակում, չոր, երբեմն էլ տանջող բնույթի հազը: Պերկուսիան մեծ տարածության վրա բթացում է տալիս, ունկնդրումը՝ բրոնխային շնչողություն, մեծ քանակությամբ կրեպիտացիոն խզզոցներ։ Թոքաբորբը հաճախ տեղակայվում է ձախ թոքի ստորին բլթում, կարող է լինել և երկկողմանի։ Բլթային թոքաբորբը զգալիորեն վատացնում է հիվանդների ընդհանուր վիճակը, մանավանդ երբ ուղեկցվում է պանկարդիտով։

 

Լյարդի ռևմատրկ ախտահարումը հիպերերգիկ բորբոքման արդյունք է։ Լյարդը կարող է մեծանալ և մի փոքր ցավոտ լինել։ Խանգարվում է նրա հիմնական ֆունկցիան, որը ավելի հաճախ է դիտվում, քան չափերի մեծացումը։ Ռևմատիզմի դեպքում հեպատիտը կրում է ինտերստիցիալ բնույթ։

 

Երիկամների ռևմատիկ ախտահարումը, որպես կանոն, հանդիպում է հիվանդության ակտիվ փուլում։ Հաճախ ընթանում է թեթև սպիտամիզությամբ, մեզի նստվածքում լինում են ոչ մեծ քանակությամբ ձևավոր տարրեր, որոնց մեջ գերակշռում են էրիթրոցիտները։

Երիկամների ախտահարումը երբեմն կարող է ընթանալ դիֆուզ նեֆրիտի ձևով, որը մեծ մասամբ առաջանում է ռևմատիզմի գրոհի սկզբում և համեմատաբար արագ է անհետանում։

 

Ռևմատիզմի մաշկային երևույթները հաճախ են հանդիպում երեխաների մոտ։ Բնորոշ է այսպես կոչվող օղակավոր (անուլար) ցանը։ Վերջինս դիտվում է կրծքավանդակի, որովայնի շրջանում, բաց վարդագույն ցան է՝ իրար միաձուլվող կիսաօղակների ձևով։ Օղակավոր ցանը ռևմատիզմի համեմատաբար վաղաժամ նշաններից է։

Մաշկի ախտահարումը ռևմատիզմի ժամանակ կարող է արտահայտվել նաև եղնջացանի, էքսուդսատիվ էրիթեմայի ձևով։
Հանգուցավոր էրիթեման (erythema nodosum) ռևմատիզմի անմիջական արտահայտությունը չէ, այլ գերզգայնացված օրգանիզմի ալերգիկ ռեակցիայի դրսևորում։ Լինում է ինչպես ռևմատիզմի, այնպես էլ անգինայի, քութեշի դեպքում, հազվադեպ՝ նաև .որոշ դեղանյութերի (սուլֆանիլամիդներ, բրոմ, յոդ և այլն) գործածման հետևանքով։

 

Ռեմատիկ հանգույցները (noduli rheumatici) ախտորոշիչ մեծ նշանակություն ունեն։ Դրանք ռևմատիզմի բացարձակ, բայց ոչ վաղաժամ ախտանիշներից են։

Ռևմատիկ հանգույցները տեղակայվում են մաշկի, ջլերի, հոդերի, փակեղների, գլխի մազոտ մասերի վրա։ Լինում են սիսեռից մինչև կաղնու մեծության։ Հանգույցները մաշկին կպած չեն և պինդ են (նկ. 80)։ Մեծ մասամբ հայտնվում են ռևմատիզմի անընդմեջ կրկնվող ընթացքի դեպքում։

 

Ռևմատիզմի նյարդային արտահայտությունները։ Խորեան կենտրոնական նյարդային համակարգի ենթակեղևային հանգույցների ախտահարման արդյունք է։ Սա յուրօրինակ ռևմատիկ ենթակեղևային էնցեֆալիտ է։

Խորեայով հաճախ հիվանդանում են աղջիկները, հատկապես սեռական հասունացման շրջանում, ինչը պայմանավորված է այդ հասակում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ փոփոխություններով։

Հիվանդությունն արտահայտվում է ակամա շարժումներով (հիպերկինեզներ)՝ մկանների հիպոտոնիայի զուգակցությամբ։
Խորեայի կլինիկան զարգանում է դանդաղ, աստիճանաբար։ Հաճախ հիվանդությունը սկսվում է երեխայի վարքագծի փոփոխությամբ։ Հիվանդը դառնում է դյուրագրգիռ, կամակոր, լալկան։ Ակամա շարժումները մեծ մասամբ սկսվում են դեմքի միմիկայի մկաններից, ապա տարածվում վերին վերջույթների մկանների վրա։ Խանգարվում է շարժումների համակցումը, փոխվում է ձեռագիրը։ Երեխան դառնում է փնթի, թափթփված։ Հետագայում ի հայտ են գալիս ոտքերի, մարմնի ակամա շարժումներ։ Երեխան դժվարանում է ակտիվ գործողություններ կատարել։ Խանգարվում է խոսքը՝ դառնում է վանկավորված, որոշ հիվանդներ նույնիսկ զրկվում են խոսելու ունակությունից։ Երեխան չի կարողանում անկողնում նստել, ինքնուրույն շարժվել, ուտել։ Որոշ հիվանդների մոտ խորեայի երևույթները կարող են արտահայտվել մարմնի միայն մի կեսում (հեմիխորեա)։

Մկանների հիպոտոնիան խորեայի ժամանակ պարտադիր ախտանիշ է և կարող է տարբեր աստիճանի արտահայտվածություն ունենալ։ Պասսիվ շարժումների ժամանակ դիտվում է վերջույթների թույլ դիմադրություն։ Հիվադներին անութներից բռնած վեր բարձրացնելիս բարձրանում են միայն նրանց ուսերը («թորշոմած ուսերի» ախտանիշ):

Նկատվում է յուրօրինակ շնչառություն՝ ներշնչման փուլում որովայնը ոչ թե արտափքվում է, այլ ներս է քաշվում (Չերնիի ախտանիշ) :

Փոխվում է ծնկային ռեֆլեքսը, որն արտահայտվում է քառագլուխ մկանի տոնիկ կծկման երկարացումով։ Քառագլուխ մկանի կծկման հետևանքով սրունքը որոշ ժամանակ տարածված վիճակում անշարժանում է՝ քարանում (Գորդոնի ախտանիշ)։
Դիտվում է նաև Ֆիլատովի՝ «աչքի և լեզվի» ախտանիշը, երբ աչքերը փակ վիճակում հիվանդ երեխան չի կարողանում դուրս հանած լեզուն երկար պահել։

Որոշ հիվանդների մոտ արտահայտված է ոչ թե հիպերկինեզը, այլ մկանների հիպոտոնիան։ Դա այսպես կոչվող, խորեայի պսևդոպարալիտիկ ձևն է, կամ «փափուկ» խորեան (chorea mollis)։

Հաճախ հանդիպում են խորեայի թեթև և ջնջված ձևերը, երբ հիպերկինեզը և հիպոտոնիան ցայտուն արտահայտված չեն լինում։ Նման դեպքերում հիպերկինեզը հայտնաբերվում է հատուկ փորձերով։ Այսպես, դաստակի մկանների հիպերկինեզ է առաջանում, երբ երեխան կանգնում է աչքերը փակ, ձեռքերն առաջ մեկնած, մատներն իրարից հեռու վիճակում։ Բացի այդ, հիվանդները շարժումների համակցման նմուշները (մատ-քթային, կրունկ-ծնկային) կատարում են անվստահ և ոչ ճիշտ։

Խորեայի վաղաժամ ախտորոշման համար կարելի է կատարել հետևյալ փորձը՝ երեխային նստեցնում են առ դիմաց, բռնում երկու ձեռքերը և ուշադրությունը շեղելու համար զրուցում։ Զրույցի ընթացքում հաջողվում է որսալ ձեռքի ակամայից կատարվող անգամ աննշան շարժումները։ Խորեայի վաղաժամ հայտնաբերման նշաններից է նաև վերը նշած Ֆիլատովի՝ «աչքի և լեզվի» ախտանիշը։

Անհրաժեշտ է նշել, որ խորեայի դեպքում սրտանոթային համակարգում փոփոխությունները թույլ են արտահայտվում։
Խորեան սովորաբար տևում է 1-1,5 ամիս, բայց երբեմն ընթանում է կրկնություններով և կարող է ձգձգվել 10-12 ամիս։ Նույնիսկ ամենածանր և ձգձգվող դեպքերում խորեայի կանխագուշակումը բարենպաստ է, քանի որ ակամա շարժումները վաղ թե ուշ վերանում են։

Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները ռևմատիզմի ժամանակ շատ հազվադեպ են և սովորաբար ընթանում են էնցեֆալիտի ու մենինգիտի ախտանիշների զուգորդմամբ։ Այդ փոփոխությունները, որպես կանոն, լինում են ռևմատիզմի ակտիվ փուլում և հակառևմատիզմային բուժումից արագ վերանում են։

 

Լաբորատոր քննությունները։ Ռևմատիզմի ակտիվ փուլում արյան ընդհանուր քննությամբ հայտնաբերվում է նեյտրոֆիլային բնույթի լեյկոցիտոզ, հաճախ աջ թեքումով։ Հիվանդության ախտորոշման համար լեյկոցիտների քանակը և բանաձևը այնքան էլ մեծ նշանակություն չունեն։ Ավելի բնորոշ է ԷՆԱ-ի արագացումը, որը ռևմատիզմի արտահայտված ակտիվության ժամանակ կարող է հասնել մինչև 50-60 մմ/ժամում։

Հիվանդության ակտիվության ցուցանիշներն են՝ պլազմայի ֆիբրինոգենի ավելացումը, a2 և y գլոբուլինների, հեքսոզների, ցերուլոպլազմինի, սերոմուկոիդի ավելացումը, «C» ռեակտիվ գլոբուլինի դրական նմուշը։ Փոփոխության են ենթարկվում և արյան իմունաբանական ցուցանիշները։ Բարձրանում են հակաստրեպտոկինազայի, հակաստրեպտոհիալուրոնիդազայի, հակաստրեպտոլիզինի տիտրերը։ Սակայն արյան այս տեղաշարժերը բնորոշ չեն և լինում են ստրեպտոկոկային ծագման տարբեր հիվանդությունների ժամանակ։

Նշված լաբորատոր ցուցանիշներից ոչ մեկը ռևմատիզմի համար որոշիչ չի կարելի համարել, ուստի լրացնելով կլինիկական հետազոտությունների տվյալները, դրանք օժանդակում են ռևմատիզմի ակտիվության որոշմանը։

 

Ռևմատիզմի դասակարգումը: Ըստ գոյություն ունեցող դասակարգման (Ա.Ի. Նեստերով), տարբերում են ռևմատիզմի երկու փուլ՝ ակտիվ և ոչ ակտիվ։ Ակտիվությունը լինում է`

  1. նվազագույն (I աստիճանի),
  2. միջին (II աստիճանի), և
  3. առավելագույն (III աստիճանի)։

Ըստ ախտաբանական պրոցեսի գերակշռող արտահայտության տարբերում են՝

  1. ռևմոկարդիտ,
  2. պոլիարթրիտ,
  3. սերոզիտներ (պլևրիտ, աբդոմինալ համախտանիշ),
  4. խորեա և այլն։

Ըստ ընթացքի հիվանդությունը կարող է լինել`

  • սուր,
  • ենթասուր,
  • ձգձգվող,
  • անընդմեջ կրկնվող և
  • գաղտնի։

Ոչ ակտիվ փուլում սովորաբար գործ ենք ունենում կրած ռևմատիզմի մնացորդային երևույթների հետ՝ միոկարդիոսկլերոզ, ավելի հաճախ՝ սրտի արատ։

Ըստ արյան շրջանառության անբավարարության տարբերում Են՝

  • Ա0. (անբավարարություն չկա),
  • Ա1 (առաջին աստիճանի անբավարարություն),
  • Ա2 (անբավարարության երկրորդ աստիճան),
  • Ա3 (անբավարարության երրորդ աստիճան)։

 

Ռևմատիզմի բուժումը։ Ռևմատիզմով տառապող երեխաների բուժումը երկարատև է և կոմպլեքսային։ Հիվանդության ակտիվ փուլի սուր շրջանում երեխան կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Սնունդը պետք է լինի լիարժեք, վիտամիններով հարուստ։ Խորհուրդ է տրվում կերակրի աղի և ածխաջրերի չափավոր սահմանափակում։

Հիվանդության սուր շրջանում դեղորայքային բուժումը տարվում է ալերգիկ ռեակցիայի և բորբոքային պրոցեսը ճնշելու ուղղությամբ։

Հակաբիոտիկները նշանակվում են հիվանդության ակտիվ փուլում ընդհանուր և օջախային վարակների առկայության ժամանակ, տրվում են ընդհանուր կանոնների համաձայն, տարիքային դեղաչափերով, 7-10 օր տևողությամբ։
Կորտիկոստերոիդներ նշանակվում են հիվանդության ակտիվ փուլում։ Դրանք ունեն ուժեղ արտահայտված հակաբորբոքիչ և դեսենսիբիլիզացնող հատկություն։ Կորտիկոստերոիդները նշանակվում են միայն հակառևմատիզմային և այլ միջոցների հետ զուգակցված։

Սեռական հասունացման շրջանում կորտիկոստերոիդների նշանակումը մեծ զգուշություն է պահանջում, մասնավորապես, եթե կան էնդոկրինոպաթիայի, ճարպակալման երևույթներ։
Հորմոնային բուժումը պետք է անցկացնել միայն հիվանդանոցային պայմաններում։

Ռևմատիզմի բուժման կոմպլեքսում անհրաժեշտ է լուրջ տեղ հատկացնել վիտամինների նշանակմանը, որոնք նպատակահարմար է տալ բնական հյութերի, մրգերի, բանջարեղենի ձևով։

Ֆիզիոթերապևտիկ բուժման միջոցներից օգտագործում են УВЧ-ն, կվարցը, տաքը՝ ախտահարված հոդերի շրջանում։
Մեծ նշանակություն ունի բուժական ֆիզկուլտուրայի կիրառումը։ Այդ նպատակի համար սովորաբար կիրառվում են ֆիզիկական վարժությունների հատուկ կոմպլեքսներ, որոնց ծանրաբեռնվածությունը բարձրացվում է աստիճանաբար։

Հիվանդանոցում ռևմատիզմի սուր գրոհը հանելուց հետո երեխային տեղափոխում են ռևմատոլոգիական սանատորիա, հետագա բուժումը շարունակելու համար՝ ոչ պակաս, քան երկու ամիս տևողությամբ։ Աստիճանաբար ընդլայնվում է շարժողական ռեժիմը և ֆիզկուլտուրան։ Հատուկ ուշադրություն է դարձվում քրոնիկական օջախային վարակների բուժմանը։ Մասնավորապես նպատակահարմար է հենց այդ շրջանում նշիկազերծում կատարել։

Երեխաներին առողջարանային բուժման են ուղարկում հիվանդության գրոհից 10-12 ամիս հետո, եթե այդ ընթացքում հիվանդության սրացման նշաններ չեն դիտվում, այդ թվում՝ ԷՆԱ-ն պետք է լինի 10-12 մմ/ժամ, արյան շրջանառությունը՝ առանց անբավարարության երևույթների։

Առողջարանային բուժման հակացուցումներ են՝ վերջին երեք ամսվա ընթացքում կրած միջանկյալ հիվանդությունները, ինչպես նաև նշիկազերծումը, սրտի զուգակցված արատները։ Սանատոր-առողջարանային բուժման ցուցումները պետք է լրիվ պահպանվեն, այլապես ոչ ցուցված և ժամանակից շուտ առողջարանային բուժումը կարող է հիվանդության սրացման և երբեմն չափազանց ծանր ընթացքի պատճառ դառնալ։

Եթե երեխան մոտ ժամանակներում հիվանդացել է ռևմատիզմով, ապա նրան չի կարելի ուղարկել պիոներական ճամբար։ Օդային և արևային լոգանքներ նշանակելիս պետք է զգույշ լինել։ Սրտի ծանր արատների ժամանակ արևային լոգանքներն առհասարակ հակացուցված են։

Առողջարանային բուժումը մեծ նշանակություն ունի ինչպես ռևմատիզմի մնացորդային երևույթները վերացնելու, այնպես և կրկնությունների կանխարգելման համար։

Մանկական ռևմատոլոգիական սանատորիաներ կան Կիսլովոդսկում, Սոչի-Մացեստայում, Ցխալտուբոյում, Եվպատորիաում, Սլավյանսկում, Լիպեցկում և այլն։ Հայաստանում այդպիսի առողջարան է Արզնին։

 

Ռևմատիզմի կանխարգելումը։ Գոյություն ունի ռևմատիզմի «առաջնային» և «երկրորդային» կանխարգելում։ Առաջնայինը՝ ռևմատիզմի կանխումն է ընդհանրապես, իսկ երկրորդայինը՝ ռևմատիզմ կրած հիվանդների մոտ նոր գրոհների առաջացման կանխումը։

Առաջնային կանխարգելումը երեխաների օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության բարձրացումն ու առողջական վիճակի բարելավումն է։

Քանի որ ռևմատիզմը հաճախ է սկսվում ստրեպտոկոկային վարակներից հետո, շատ կարևոր է դրանց վաղաժամ ախտորոշումն ու ժամանակին և լիարժեք բուժումը։ Ավելի նպատակահարմար է պենիցիլինի միջմկանային ներմուծումը, օրվա ընթացքում երեք և ավելի անգամ՝ 5-7 օր տևողությամբ։

Կանխարգելման կարևոր օղակներից է նաև օրգանիզմում քրոնիկական վարակային օջախների հայտնաբերումը և բուժումը։ Հաճախ, այդպիսի օջախ են նշիկները, ականջները, քթի հավելյալ խոռոչները, ատամները, լեղուղիները և այլն։

Տեղամասային բժիշկը առաջնային կանխարգելման նպատակով պետք է առանձնացնի ռևմատիզմի նկատմամբ հակում ունեցող երեխաների խումբը և պահի մշտական հսկողության տակ։ Այդ խմբի մեջ պետք է ընդգրկվեն անգինայով հաճախ հիվանդացող երեխաները, քրոնիկական վարակային օջախ ունեցողները, մանավանդ երբ այն ուղեկցվում է ենթատենդային ջերմությամբ։ Այս խմբի մեջ պետք է մտնեն նաև այն երեխաները, որոնց մոտ սրտի ֆունկցիոնալ փոփո-խություններ և ռևմատիզմի վերաբերյալ կասկածելի անամնեզ են հայտնաբերում, երբ մերձակա հարազատների մոտ նշվում է ռևմատիզմ կամ այլ վարակայհն-ալերգիկ հիվանդություններ։

Ռևմատիզմի երկրորդային կանխարգելումը նպատակ ունի կանխելու հիվանդության կրկնվելը՝ նոր գրոհները։

Քրոնիկական նշիկաբորբի առկայությունը ռևմատիզմով հիվանդ երեխայի համար նշիկազերծման ցուցում է։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

CENTER

01.11.2013

Հադացավերի բուժում ` http://luys.ucoz.ru/publ/bjhshkowt'yown/jhoghovrdakan/hodacaver_hodaxaxtowmner/7-1-0-16

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ