Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Սուր թունավորումներ. ռեզերպին, սալիցիլատներ, սպիրտ, սրտային գլիկոզիդներ, տրանկվիլիզատորներ, քլորոֆոս

Ռեզերպին, սալիցիլատներ (սալիցիլաթթվական նատրիում, ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին, սալիցիլամիդ և այլն), սպիրտ (օղի, գինիներ, կոնյակներ և այլն), սրտային գլիկոզիդներ (մատնածաղիկ, դիգիտոքսին, դիգոքսին, իզոլանիդ, լանտոզիդ, ստրոֆանթին, կորգլիկոն և այլն),  տրանկվիլիզատորներ (անդաքսին, մեպրոբամատ, էլենիում, սեդուքսեն, լիբրիում, տազեպամ, տրիոքսազին և այլն), քլորոֆոս (դիքլոֆոս, թիոֆոս և այլն)

 

Ռեզերպին

 

Թողարկվում է 0,1; 0,25 մգ հաբերով։ Այն 0,1 մգ դեղաչափով մտնում է նաև «Դեպրեսին» դեղամիջոցի կազմության մեջ։ Ընդհանրապես ռեզերպինի խմբի նյութերը թույլ թունականություն ունեն։ Լուրջ թունավորում է զարգանում 5-6 մգ դեղաչափից։ Մահացու դեղաչափ է համարվում 15 մգ-ը։


Ռեզերպինի մեծ չափերի ընդունման դեպքում սկզբում զարգանում է քնկոտություն, որը սակայն տարբերվում է թմրաբերներից առաջացող քնից։ Տաբերությունն այն է, որ պահպանվում, անգամ ուժգնանում են ողնուղեղային ռեֆլեքսները և հիվանդին հնարավոր է արթնացնել։


Թեթև թունավորման ժամանակ նկատվում է միայն թուլություն և քնկոտություն։ Դիտարկվում է դեմքի, պարանոցի, իրանի մաշկի ուժեղ կարմրություն։ Բերանի, ըմպանի և քթի լորձաթաղանթները լինում են գերարյուն և այտուցված։ Երեխան խոսում է «քթի մեջ»։ Միջին ծանրության թունավորման ժամանակ հայտնվում է նաև սկլերաների գերարյունություն, բբերի նեղացում։ Պարանոցի վրա, ականջների հետևում պետեխային ցան է լինում։ Հնարավոր են սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր։ Բնորոշ է համարվում զկռտոցը։ Զարկերակային ճնշումը սովորաբար մնում է նորմայի սահմաններում։ Որոշ հիվանդների մոտ կարող է նկատվել ջերմություն։ Ծանր թունավորման ժամանակ լինում է գրգռվածություն և էյֆորիա։ Հայտնվում է ձեռքերի և ստորին ծնոտի դողոց։ Քայլվածքը դառնում է շորորվող, մկանային տոնուսն իջնում է և երեխան սովորաբար քնում է։ Եթե երեխային արթնացնեն, ապա նույն պահին նա նորից է քնում։ Աստիճանաբար կարող է զարգանալ կոմա։ Ջերմությունը, որպես կանոն, բարձր է։ Դեմքը գերարյուն է և թեթևակի այտուցված։ Նկատվում է միզակապություն։ Ծանր աստիճանի թունավորման դեպքում զարգանում է շնչառության խանգարում, զարկերակային ճնշման իջեցում, հնարավոր է կոկորդի և թոքերի այտուց։


Բուժումը։ Կատարվում է ստամոքսի լվացում, ներմուծվում են աղային լուծողականներ և ակտիվացրած ածուխ։ Բարձր դիուրեզի ստացման նպատակով ներերակային ներարկվում է գլյուկոզա՝ ասկորբինաթթվով, միաժամանակ նշանակվում են միզամուղ միջոցներ (հիպոթիազիդ, ֆուրոսեմիդ, մանիտոլ)։ Լյարդի ֆունկցիոնալ ակտիվության խթանման նպատակով պրեդնիզոլոն կամ դեքսամեթազոն է ներարկվում։ Ռեզերպինային թունավորման նկատմամբ հակաթույն չկա։ Շնչառության ընկճման և սրտի գործունեության թուլության դեպքում նշանակվում են կոֆեին, էթիմիզոլ՝ փոքր դեղաչափերով։ Պետք է հաշվի առնել, որ կորդիամինի վագուսային ազդեցության հետ կապված նրա կիրառումը նպատակահարմար չէ։ Պարասիմպաթիկ նյարդային համակարգի դրդման դեպքում (աղիքների գալարակծկման ուժեղացում, գերհյութազատություն, բբերի նեղացում) ենթամաշկային ներարկվում է 0,2-1 մլ մեթացինի կամ ատրոպինի 0,1%-անոց լուծույթ։

 

Զարկերակային ճնշման կայունացման համար նպատակահարմար է պլազմայի, պլազմային փոխարինողների ներարկում։ Հիպոտենզիայի ժամանակ ցուցված է մեզատոնի, նորադրենալինի կիրառումը։ Թոքերի այտուցի վտանգի դեպքում զարկերակային ճնշումը բարձրացնող դեղամիջոցների օգտագործումը պետք է կատարվի զգուշությամբ։ Հիպոքսիայի դեպքում իրագործվում է թթվածնաթերապիա։ Թոքերի այտուցի դեմ պայքարի նպատակով օգտագործում են օսմոտիկ ակտիվ նյութեր և միջոցներ, որոնք իջեցնում են ճնշումն արյան փոքր շրջանառությունում։ Շնչառության արտահայտված ընկճման դեպքում կատարվում է ինտուբացիա կամ տրախեոտոմիա և թթվածնի գերպարունակությամբ թոքերի արհեստական օդափոխություն։


ՍԱԼԻՑԻԼԱՏՆԵՐ (սալիցիլաթթվական նատրիում, ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին, սալիցիլամիդ և այլն)


Ընդունումից մի քանի ժամ հետո առաջ է գալիս փսխում և շնչառության արագացում, որը կապված է շնչառական կենտրոնի գրգռման հետ։ Թոքերի գերօդափոխությունն ուղեկցվում է ածխաթթվի ավելցուկային անջատումով, որը բերում է շնչառական գերհիմնայնության։ Այնուհետև զարգանում է փոխանակային ացիդոզ, որը հատկապես արտահայտված է լինում կյանքի առաջին տարիների երեխաների մոտ։ Կարող է նկատվել հիպերգլիկեմիա, որն ուղեկցվում է շաքարամիզությամբ և կետոզով, հիշեցնելով դիաբետային կոման։


Հաճախ նշվում է անհանգստություն, գրգռվածություն, էյֆորիա, ականջներում՝ աղմուկ, լսողության թուլացում, որոնք ոչ հազվադեպ զուգակցվում են մաշկային ծածկույթների կարմրությամբ, բարձրացած քրտնարտադրությամբ։ Հնարավոր են մաշկային արյունազեղումներ, ստամոքսաաղիքային արյունահոսություններ։ Երբեմն կարող է նկատվել մեզի անսովոր գույն՝ կարմրից մինչև սև։ Հնարավոր են նաև ալերգիկ ռեակցիաներ՝ մաշկային ցան, անոթանևրոտիկ այտուցներ։


Բուժումը։ Ստամոքսի լվացում, աղային լուծողական, մաքրող հոգնա, արագացրած միզարտադրություն։ Արյան մեջ ազատ սալիցիլատների կապման համար ներարկվում է պլազմա, պլազմային փոխարինողներ։ Կարելի է նշանակել գլյուկոկորտիկոիդներ։ Սիրտ-անոթային անբավարարության զարգացման դեպքում ներարկվում է ստրոֆանթին, կորգլիկոն։ Գրգռվածության, ցնցումների դեպքում՝ նատրիումի օքսիբուտիրատ, դիազեպամ, քլորալ հիդրատ, թթվածնով ազոտի ենթօքսիդ։


ՍՊԻՐՏ (օղի, գինիներ, կոնյակներ և այլն)


Երեխաների թունավորման մեղսակիցները հաճախ մեծահասակներն են, այդ թվում՝ ծնողները։ Կրտսեր տարիքի երեխաների մոտ սպիրտային ծանր թունավորում կարող է զարգանալ 20-30 մլ, իսկ բարձր տարիքի երեխաների մոտ՝ 150-200 մլ 40%-անոց սպիրտի ընդունումից։


Էթիլ սպիրտը ստամոքսաաղիքային ուղուց շատ լավ է ներծծվում։ Արյան մեջ առավելագույն խտություն հայտնաբերվում է 40-90 րոպե հետո։ Ներծծումը շարունակվում է 2-6 ժամ։ Ալկոհոլը տարածվում է բոլոր օրգաններում և, օքսիդանալով, վեր է ածվում ջրի և ածխաթթվի: Էթանոլի մոտ 10%-ը չփոփոխված ձևով արտազատվում է երիկամներով և թոքերով։ Կերակրող մայրերի մոտ այն կարող է արտազատվել կաթով։ Թունավոր ազդեցությունը պայմանավորված է նաև սպիրտի մետաբոլիտ նյութից՝ ացետալդեհիդից։


Սպիրտային թունավորման կլինիկան արտահայտվում է հոգեշարժ գրգռվածությամբ, շարժումների համադասության և ինքնավերահսկողության խանգարմամբ։ Մեծ քանակի ընդունման դեպքում այդ վիճակը խոխարինվում է կենտրոնական նյարդային համակարգի ընկճմամբ, գիտակցության խանգարումով, ռեֆլեքսների իջեցումով և կենսական կարևոր կենտրոնների՝ շնչական, անոթաշարժ, ինչպես նաև ջերմակարգավորման կենտրոնների արգելակումով։ Սպիրտի տեղային գրգռիչ ազդեցության հետ կապված առաջանում է փսխում։ Ացետալդեհիդն օժտված է սրտամկանի նկատմամբ արտահայտված թունավոր ազդեցությամբ, որի հետևանքով թուլանում է սրտամկանի կծկումների ուժը, իջնում է զարկերակային ճնշումը, երակային կանգ է առաջանում։ Ծանր թունավորումների դեպքում օքսիդացման պրոցեսների և սրտի գործունեության խանգարումների զուգակցումը առաջ է բերում հիպոքսիա և հյուսվածքային ացիդոզ, որը կարող է պատճառ լինել նյութափոխանակության պրոցեսների հետագա խանգարումների ու թոքերի այտուցի զարգացման համար։ Ացետալդեհիդի մեծ խտությունը խախտում է նաև լյարդի թունազերծող ֆունկցիան, նպաստում ջրազրկմանը։


Հատկապես ծանր է ընթանում թունավորումը մեթիլ սպիրտով։ Այս թունավորման ծանրությունը պայմանավորված է ոչ միայն ացիդոզի զարգացումով, այլև մրջնալդեհիդի (ֆորմալդեհիդ) թունավոր ազդեցությամբ։ Թունավորվածների մոտ արագ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում է զարգանում։ Այնուհետև լինում է հևոց, որովայնի, մեջքի և վերջույթների ցավեր։ Արագ, երբեմն հանկարծակի, զարգանում է կուրություն, բբերը լայնանում են, լույսի նկատմամբ ռեակցիան վերանում է։ Ֆորմալդեհիդի աստիճանաբար գոյացման հետևանքով մի քանի օր հետո կարող է առաջ գալ մահ, որը տեղի է ունենում շնչառության ծանր խանգարումներից (ցիանոզ, կոմա):


Բուժումը։ Սպիրտի հեռացման նպատակով կատարվում է ստամոքսի լվացում։ Բարձր տարիքի երեխաների մոտ արհեստականորեն փսխում են առաջացնում՝ ռեֆլեքսային ճանապարհով մեխանիկորեն գրգռելով լեզվի արմատը։ Արյան մեջ էթանոլի խտությունը նոսրացնելու նպատակով կատարում են հեղուկների ներերակային ներարկումներ (ֆիզիոլոգիական լուծույթ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, պլազմափոխարինողներ՝ հեմոդեզ և այլն)։ Էթիլային սպիրտի օքսիդացումն արագացնելու համար երբեմն ներարկում են գլյուկոզա՝ ինսուլինով կամ ֆրուկտոզա։ Հատկապես արդյունավետ է ֆրուկտոզայի 40%-անոց լուծույթի ներերակային սրսկումը։ Առանձնահատուկ ծանր դեպքերում կատարվում է հեմոդիալիզ կամ որովայնամզային դիալիզ։ Կենտրոնական նյարդային համակարգի խթանման համար նշանակում են կորդիամին, կոֆեին, կորազոլ, կարելի է օգտագործել անուշադրի սպիրտ։ Շնչառության ծանր խանգարումների ժամանակ անհրաժեշտ է կատարել թոքերի արհեստական օդափոխություն։ Սրտի գործունեության խիստ թուլացման դեպքում նշանակում են սրտային գլիկոզիդներ՝ կորգլիկոն, ստրոֆանթին, դիգոքսին և այլն։ Ծանր դեպքերում ացիդոզի վերացման նպատակով ներարկվում են հիմնային լուծույթներ (ներերակային, ներքին ընդունման ձևով, վերջնաղիքային՝ նատրիումի հիդրոկարբոնատ)։ Թունավորված երեխային անհրաժեշտ է տաքացնել և ծանր վիճակից դուրս բերելուց հետո խմեցնել տաք թեյ և սուրճ։ Նշանակվում են վիտամիններ՝ B6 (1-2 մլ), B1 (3-5մլ)՝ միջմկանային, 5%-անոց նիկոտինաթթու (0,5-1 մլ)՝ ենթամաշկային։


Մեթանոլով թունավորման դեպքում կատարվում են միևնույն միջոցառումները։ Ուժեղացվում է միզարտադրությունը կամ կատարվում է վաղ հեմոդիալիզ։ Մեծ տարիքի երեխաներին ներքին ընդունման ձևով տրվում է էթիլ սպիրտ, իսկ նրանց, ովքեր գտնվում են կոմատոզ վիճակում՝ ներերակային կաթիլային ներարկում են էթիլ սպիրտի 5%-անոց լուծույթ, օրը 1 մլ/կգ չափով (էթիլ սպիրտն արագացնում է մեթանոլի օքսիդացումը)։ Նշանակվում են պրեդնիզոլոն, վիտամին B1, ասկորբինաթթու, ԱՏՖ։


ՍՐՏԱՅԻՆ ԳԼԻԿՈԶԻԴՆԵՐ (մատնածաղիկ, դիգիտոքսին, դիգոքսին, իզոլանիդ, լանտոզիդ, ստրոֆանթին, կորգլիկոն և այլն)


Մանկական տարիքում սրտային գլիկոզիդներով թունավորումը հաճախ լինում է նրանց դեղաչափերի գերազանցման և, ավելի հազվադեպ, նրանց պատահական ընդունման հետևանքով։ Հայտնի է, որ գլիկոզիդները ստամոքսաաղիքային ուղուց ներծծվում են տարբեր արագությամբ։ Այդ է պատճառը, որ բերանային ճանապարհով ընդունված որոշ գլիկոզիդներից թունավորումը զարգանում է արագ (դիգոքսին, իզոլանիդ), իսկ մյուսներից՝ դանդաղ (մատնածաղկի տերևների դեղափոշի, դիգիտոքսին)։ Երեխաների թունավորումը կարող. է զարգանալ քիմիապես մաքուր 5-50 գ գլիկոզիդների, ընդունումից։


Սրտային գլիկոզիդների մեծ դեղաչափերը ցուցաբերում են ընտրողական կարդիոտոնիկ ազդեցություն։ Նրանք ուժեղացնում են խոլիներգիկ նյարդաթելերի վերջնածայրերից ացետիլխոլինի անջատումը, մասնավորապես թափառող նյարդի վերջնածայրերից և խթանում նրա արգելակող ներգործությունը սրտի հաղորդչականության և դրդման վրա։ Կատեխոլամինների պարունակության ավելացումը բարձրացնում է սրտամկանի դրդելիությունը, նպաստում է դրդման լրացուցիչ օջախների առաջացմանը՝ հատկապես փորոքներում։ Նշված բոլոր տեղաշարժերն առաջ են բերում դանդաղասրտություն, սրտի ոչ լրիվ կամ լրիվ շրջափակում (բլոկադա), էքստրասիստոլա, փորոքային տախիկարդիա և հնարավոր է նաև թելիկախաղ։


Թունավորման ախտանիշները կապված չեն թույնի օրգանիզմ թափանցման ճանապարհից։ Սովորաբար տարբերում են սրտային գլիկոզիդներով թունավորման 2 ձևեր՝ վերադարձելի, որոնք դեղորայքի դադարեցումից հետո վերանում են ինքնուրույն, և անվերադարձելի, որոնք ինքնուրույն չեն վերանում։


Վերադարձելի ձևի ժամանակ հիվանդների մոտ նկատվում է սրտխառնոց, փսխում, գլխացավ, ադինամիա, անքնություն, երբեմն զառանցանք, հալյուցինացիաներ, տեսողության խանգարումներ, հայտնաբերվում է բրադիկարդիա, փորոքային էքստրասիստոլա, տարբեր շրջափակումներ (բլոկադաներ)։ Նշված բոլոր խանգարումները դեղորայքի հանումից հետո ինքնուրույն վերանում են։ Անվերադարձելի ձևի ժամանակ բրադիկարդիան փոխարինվում է տախիկարդիայով և թելիկախաղով։ Նկատվում է նաև արտահայտված փսխում, հալյուցինացիաներ, աֆազիա, զարկերակային ճնշման իջեցում, ցնցումներ։


Բուժումը։ Ստամոքսի լվացում, աղային լուծողական։ Նշանակվում է ակտիվացրած ածուխ։ Գտնում են, որ աղիքների մաքրումը պետք է կատարել նույնիսկ թունավորման ուշ շրջաններում և ներերակային ներարկվող միջոցների դեղաչափերի գերազանցման ժամանակ, քանի որ նրանք լեղու միջոցով հայտնվում են աղիքներում և այդտեղից նորից ներծծվում են արյան մեջ։ Ծանր բրադիկարդիայի ժամանակ նշանակվում է ատրոպին (0,5-1 մլ 0,1% լուծույթ, ենթամաշկային կամ միջմկանային)։ Կաթիլային ձևով ներերակային ներարկվում է 300-500 մլ կալիումի քլորիդի 0,5%-անոց լուծույթ։ Փորոքների շողացման դեպքում նշանակվում է նովոկաինամիդ (3-5 մլ 10% լուծույթ, ներերակային), կալցիում-տետացին (10-20 մլ 10% լուծույթ 200-300 մլ գլյուկոզայի 5%-անոց լուծույթով) 5 մլ, օրը 4 անգամ, միջմկանային։ Գրգռվածության վերացման նպատակով կատարվում է քլորալ հիդրատային հոգնա, ներերակային՝ բարբիտուրաներ։ Զարկերակային ճնշման իջեցման դեպքում ցուցված են մեզատոնը կամ նորադրենալինը։ Ջրազրկման դեմ պայքարելու նպատակով, հսկելով օրամեզի քանակը, տրվում են հեղուկներ։


Հիպոքսիայի վերացման համար կիրառվում է թթվածնաբուժում։


ՏՐԱՆԿՎԻԼԻԶԱՏՈՐՆԵՐ (անդաքսին, մեպրոբամատ, էլենիում, սեդուքսեն, լիբրիում, տազեպամ, տրիոքսազին և այլն)


Թունավորման պատկերն աչքի է ընկնում մեծ փոփոխականությամբ։ Սկզբնական ախտանիշներն են թորշոմածությունը, քնկոտությունը, ատաքսիան, մկանային թուլությունը։ Ավելի ծանր դեպքերում նկատվում են գիտակցության մթագնում, գլխի և վերջույթների դողոց, հաճախասրտություն, զարկերակային ճնշման իջեցում: Որոշ հիվանդների մոտ կարող են զարգանալ հոգեշարժ դրդվածություն, տոնիկ և կլոնիկ ցնցումներ, շնչառության խանգարում, կապտուկ, նյութափոխանակային ացիդոզ։ Թոքերի կողմից լինում են բարդություններ՝ այտուց, ատելեկտազ, թոքաբորբ։


Բուժումը։ Ակտիվացրած ածուխ պարունակող ֆիզիոլոգիական լուծույթով կամ ջրով ստամոքսի լվացում։ Այնուհետև զոնդով ներմուծվում է աղային լուծողական, կատարվում է մաքրող հոգնա։ Ներարկվում են պլազմային փոխարինողներ, միզարտադրությունն ուժեղացվում է, անհրաժեշտության դեպքում կատարվում են արյան փոխարինական ներարկում, հեմոդիալիզ։ Արդյունավետ են անգիոտենզինը, բացառիկ դեպքերում՝ նորադրենալինը։ Սրտային գործունեության թուլացման դեպքում տրվում են կոկարբոքսիլազա, կորգլիկոն, ստրոֆանթին։ Երեխայի շնչառության դժվարացման դեպքում անհրաժեշտ է թոքերի արհեստական օդափոխություն կատարել։ Ավելի թեթև դեպքերում կարելի է սահմանափակվել թթվածնաբուժությամբ։


Հոգեշարժ դրդվածության, ցնցումների ժամանակ առաջարկվում է նատրիումի օքսիբուտիրատ։ Թոքերի հնարավոր բարդությունները կանխելու նպատակով միջոցառումներ են ձեռնարկվում թոքերի այտուցի և թոքաբորբի կանխարգելման ուղղությամբ։


ՔԼՈՐՈՖՈՍ (դիքլոֆոս, թիոֆոս և այլն)


Գործնական նշանակություն ունեն այն ֆոսֆորօրգանական միացությունները, որոնք կիրառվում են միջատների ոչնչացման համար։

Թունավորումներ զարգանում են նաև ֆոսֆորօրգանական միացություններով սննդամթերքի, մասնավորապես մրգերի և բանջարեղենի աղտոտումից։ Վերջիններս օժտված են հոգեհակ և նյարդաթունային ազդեցությամբ։


Տարբերում են թունավորման 4 աստիճան.


1)    Թեթև աստիճանի թունավորումն արտահայտվում է գրգռվածությամբ, անհանգստությամբ։ Լինում է գլխացավ, գլխապտույտ, ցավ ականջներում, լուսավախություն։ Նկատվում է քրտնոտություն, գունատություն, թքարտադրման ուժեղացում։ Միզարձակությունը հաճախացած է: Հաճախ լինում է փսխում և լուծ։


2)    Միջին ծանրության թունավորման ժամանակ նկատվում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման արտահայտված նշաններ։ Հնարավոր է հալյուցինացիաներով հոգեախտի (պսիխոզների) առաջացում։ Նկատվում են շարժումների կոորդինացիայի, խոսելու խանգարումներ։ Միջին ծանրության թունավորմանը բնորոշ է նաև բրոնխոսպազմը, հաճախացած և աղմկոտ շնչառությունը։ Թոքերի աուսկուլտացիայի ժամանակ լսվում են չոր և թաց խզզոցներ։ Որպես կանոն, լինում են համառ փսխում, լուծ, որովայնի ցավեր։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուցներ, էրիթրոցիտներ։


3)    Ծանր թունավորման ժամանակ զարգանում են ցնցումներ, գիտակցության խանգարում, արտահայտված բրոնխոսպազմ։ Շնչառությունն աղմկոտ է, առատ փրփրային խորխ է արտազատվում։ Մաշկը գունատ է և կապտավուն երանգ է ունենում։ Նկատվում է դողոց, որը փոխարինվում է կլոնիկ և տոնիկ ցնցումներով։ Ջերմությունը բարձր է, զարկերակային ճնշումն` ընկած։ Լինում է ակամա միզում և կղում։ Արյան մեջ՝ հիպոկալիեմիա և հիպերնատրիեմիա։ Ծանր թունավորման դեպքում ամենասպառնալին շնչական անբավարարությունն է, որը hաճախ զարգանում է թոքերի այտուցի հետևանքով։


4)    Ծայրահեղ ծանր աստիճանի թունավորումն արտահայտվում է կոմայով։ Գիտակցությունը լրիվ բացակայում է, առաջանում է անռեֆլեքսություն, հարաճում է ցիանոզը։ Մարմնի ջերմաստիճանը ցածր է նորմայից, շնչառությունը մակերեսային է, սակավ և առիթմիկ։ Սրտի տոները խուլ են։ Զարկերակային ճնշումը խիստ ընկնում է։ Մահ զարգանում է ծանր հյուսվածքային թթվածնաքաղցից, շնչառական մկանունքի լուծանքից (պարալիզից), շնչական կենտրոնի ընկճումից (ընդհուպ մինչև շնչառության լրիվ դադարումը) և սիրտ-անոթային անբավարարությունից։ Ֆոսֆորօրգանական թունավորումների համար բնորոշն արյան խոլինեսթերազայի ակտիվության բարձրացումն է։


Բուժումը։
Ֆոսֆորօրգանական նյութերով թունավորման ժամանակ բուժման hիմնական մեթոդը հակաթույների (խոլնոլիտիկների) կիրառումն է։ Ամենից հաճախ օգտագործում են ատրոպինը։ Առաջին օգնությունն անմիջականորեն սկսում են ատրոպինով, բացի այն դեպքերից, երբ զարգանում է ծանր թերթթվածնություն խիստ կապտուկով։ Այդպիսի դեպքերում սկզբում հեռացնում են շնչական ուղիների լորձը, այնուհետև կատարում թթվածնային ինհալյացիա և միայն վերջում, երբ վերացվում է թթվածնաքաղցը, կատարում են ատրոպինացում։ Ատրոպին սուլֆատի 0,1%-անոց լուծույթը ներերակային կամ ենթամաշկային ներարկվում է այնպիսի դեղաչափերով, որոնք կախված են տարիքից և ամենագլխավորը՝ թունավորման աստիճանից։ Վիճակի ծանրության հետ կապված ներերակային կամ միջմկանային ներարկում են իզոնիտրոզին (40%-անոց լուծույթ 1-2 մլ), դիպիրոքսիմ (15%-անոց լուծույթ, 0,5-1 մլ): Բերանային ճանապարհով թունավորման դեպքում նատրիումի հիդրոկարբոնատի 2%-անոց լուծույթով կատարվում է ստամոքսի լվացում։ Կրկնակի լվացումը կատարվում է 4-6 ժամ հետո։ Մաշկի աղտոտման դեպքում թույնը սկզբում հեռացվում է չոր, ապա անուշադրի սպիրտի 20%-անոց լուծույթով ծծված տամպոնով։ Ցնցումների դեպքում, որոնք չեն կասեցվում ատրոպինով և շնչառությունն ընկճված չէ, միջմկանային կամ վերջնաղիքային ձևով տրվում է հեքսենալ, միջմկանային` ամինազին։ Ցնցումների դեպքում, որոնք ընթանում են շնչառության ընկճումով, կարելի է ներերակային կամ միջմկանային ներարկել սեդուքսեն (0,5-1 մգ/կգ), մագնեզիումի սուլֆատի 25%-անոց լուծույթ՝ միջմկանային, կատարել քլորալ-հիդրատային հոգնա։ Մորֆինի և ֆենոթիազինի խմբի դեղորայքի կիրառումը հակացուցված է։ Շնչառության պարալիզի դեպքում կատարվում է ինտուբացիա կամ տրախեոտոմիա և թոքերի արհեստական օդափոխություն։ Շնչառության խթանիչների կիրառումը հակացուցված է։ Թունազրկման նպատակով ծանր դեպքերում կատարվում է արյան փոխներարկում, ներարկվում են hիմնային լուծույթներ, արյան փոխարինողներ։ Որոշ hեղինակներ արյան փոխներարկումը hամարում են ոչ արդյունավետ միջոց, որովհետև ֆոսֆորօրգանական միացություններն արագ կապվում են հյուսվածքային սպիտակուցների հետ։ Արտահայտված գերջերմության դեպքում նշանակվում են անալգին, ամինազին։ Կարելի է կիրառել նաև սառեցման ֆիզիկական մեթոդներ (սառը լուծույթների ներարկում, սառույց՝ աճուկային շրջանում, գլխին)։ Մեծ քանակությամբ hեղուկների ներարկման ժամանակ, թոքերի և ուղեղի այտուցի վտանգի դեպքում, նշանակվում են միզամուղներ (ֆուրոսեմիդ, մանիտոլ), ներարկվում են հիպերտոնիկ լուծույթներ, պլազմա։ Զարկերակային ճնշման անկման դեպքում տրվում է մեզատոն, նորադրենալին, էֆեդրին, գլյուկոկորտիկոիդներ։ Սրտային թուլության դեպքում՝ ստրոֆանթին, կորգլիկոն և այլն։ Բուժման կոմպլեքսում կարևոր տեղ է հատկացվում նաև դեսենսիբիլիզացնող բուժմանը (դիմեդրոլ, սուպրաստին և այլն)։ Պարտադիր է B2, B5, B15, C, P վիտամինների նշանակումը։ Բարդությունների զարգացման շրջանում ներարկվում են հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, պոլինևրիտների դեպքում՝ դիբազոլ, կոկարբոքսիլազա, վիտամին B12, ֆիզիոթերապևտիկ միջոցներ:

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ