Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ

Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է շագանակագեղձի բորբոքումը:

Շագանակագեղձի բորբոքումը` պրոստատիտը (prostatitis, prostata – շագանակագեղձ + -itis-բորբոքում), տերմին է, որը բնութագրում է շագանակագեղձի բորբոքային վնասումը: Այն բավականին տարածված խնդիր է: Ուրոլոգիական ախտորոշումների մեջ պրոստատիտը 50 տարեկանից երիտասարդ տղամարդկանց շրջանում առաջին տեղում է, իսկ 50 տարեկանից հետո երրորդ տեղում` զիջելով շագանակագեղձի բարորակ գերաճին և քաղցկեղին:

2.  Ինչո՞վ է տարբերվում բակտերիալ պրոստատիտը ոչ բակտերիալ պրոստատիտից:

Ըստ պատճառային գործոնի տարբերում են բակտերիալ և աբակտերիալ պրոստատիտ: Բակտերիալ պրոստատիտ անվանում են, երբ լաբորատոր անալիզներով հաստատվում է ինֆեկցիոն գործոնի առկայությունը: Ընդ որում, սուր բակտերիալ պրոստատիտի հիմնական հարուցիչներն են գրամ-բացասական էնտերոբակտերիաները (հատկապես աղիքային ցուպիկը`65-80%), որոնք գտնվում են առողջ մարդու ստամոքս-աղիքային համակարգում: Մոտ 10-15% դեպքերում հանդիպում են Pseudomonas aeruginosa, Serratia species, Klebsiella species և Enterobacter aerogenes: Խրոնիկ բակտերիալ պրոստատիտի դեպքում հարուցիչների սպեկտրը շատ ավելի լայն է: Աբակտերիալ պրոստատիտի դեպքում հարուցիչ չի հայտնաբերվում: Այն առաջանում է փոխկապակցված բորբոքային, իմունոլոգիական, էնդոկրին, մկանային, նյարդային և փսիխոգեն մեխանիզմներով, որոնք ինիցիատոր են հանդիսանում գենետիկորեն կամ անատոմիորեն նախադրամադրված տղամարդկանց մոտ:

3.  Որո՞նք են պրոստատիտի ռիսկի գործոնները:

Պրոստատիտի ռիսկի գործոններից են ընդհանուր սառեցումը, քիչ շարժուն կենսակերպը (հատկապես երկարատև նստած աշխատողների մոտ), մշտական փորկապությունները, սեռական ակտիվության նորմալ ռիթմի խանգարումը (չափից դուրս սեռական ակտիվություն կամ երկարատև բացակայություն), խրոնիկ հիվանդությունների կամ խրոնիկ բորբոքման օջախների առկայությունը օրգանիզմում, ուրոլոգիական այլ ինֆեկցիոն հիվանդությունները և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, իմուն համակարգն ընկճող վիճակները (խրոնիկ սթրեսներ, վատ սնուցում, անքնություն, մարզիկների շատ ծանրաբեռնված պարապմունքներ),  միզապարկի կաթետերիզացիան, տրանսուրետրալ վիրահատությունները և այլն:

4. Որո՞նք են պրոստատիտի պատճառները:

Ինչպես նշվեց վերևում բակտերիալ պրոստատիտի պատճառը տարբեր ախտածին և ֆակուլտատիվ-ախտածին միկրոբներն են, որոնք հաճախ լինում են համակցված: Ցանկացած ընդհանուր կամ տեղային խնդիր, որը կնպաստի բակտերիաների թափանցմանը շագանակագեղձ և գաղութների առաջացմանը, կարող է առաջացնել սուր բորբոքում: Աբակտերիալ պրոստատիտի դեպքում պատճառ կարող են հանդիսանալ տարբեր անհայտ անտիգեններ (աուտոիմուն մեխանիզմ), քիմիական գործոններ (մեզի և նրանում առկա մետաբոլիտների ռեֆլյուքսի հետևանք դեպի շագանակագեղձ), կոնքի հատակի մկանների անոմալիաները, նյարդային սենսիբիլիզացիան, փսիխոլոգիական գործոնները և այլն:

5. Ի՞նչ պատճառներից կարող է մեծանալ կամ աճել շագանակագեղձը:

Շագանակագեղձը կարող է մեծանալ բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինպես նաև սուր բորբոքման հետևանքով: Եթե վերջին դեպքում շագանակագեղձի չափերի մեծացման պատճառը հիմնականում այտուցն է, ապա առաջին երկու դեպքերում գեղձը մեծանում է հենց հյուսվածքային բաղադրիչների հաշվին և կարող է գերազանցել նորման (մինչև 30մլ) մի քանի անգամ:

6. Եթե կա ադենոմա, ուրեմն չի՞ կարող լինել չարորակ ուռուցք:

Ադենոման պրոստատի բարորակ գերաճն է և հիմնականում առաջանում է շագանակագեղձի անցումային զոնայի հյուսվածքից: Այս դեպքում բջիջները և հյուսվածքը պահպանում են տարբերակման աստիճանները և նրա աճը վերահսկելի է: Շագանակագեղձի քաղցկեղն առաջանում է հիմնականում պերիֆերիկ զոնայից: Այն կորցնում է նորմալ հյուսվածքին բնորոշ տարբերակումը և նրա աճը դառնում է անկառավարելի, եթե ժամանակին համապատասխան բուժական միջոցառումներ չսկսվեն: Քանի որ շագանակագեղձի ադենոման և քաղցկեղը ի սկզբանե տարբեր ախտաբանական պրոցեսներ են, ապա նրանց գոյությունը կախված չէ մեկը մյուսից, այսինքն, ադենոմայի առկայությունը չի բացառում չարորակ ուռուցքը:

7. Շագանակագեղձի ադենոմա, պրոստատիտ և շագանակագեղձի չարորակ ուռուցք, այդյո՞ք նույն բանն են:

Այս երեք հիվանդությունները իրարից լրիվ տարբեր պաթոլոգիաներ են: Շագանակագեղձի ադենոման կամ բարորակ հիպերպլազիան տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող բարորակ ուռուցքն է: Այն շագանակագեղձի ստրոմայի և գեղձային հյուսվածքի հիպերպլազիան է, և առաջացման հիմնական գործոններն են արական սեռական հորմոնները (դիհիդրոտեստոստերոն), ժառանգական նախատրամադրվածությունը և ծերացումը: Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց չարորակ ուռուցքների շարքում երկրորդ տեղն է գրավում: Այն կարող է առաջանալ շագանակագեղձի տարբեր հյուսվածքային բաղադրիչներից, և ըստ դրա տարբերում են ադենոկարցինոմա (ավելի քան 95%), անցումաբջջային քաղցկեղ, ԱՊՈՒԴոմա, սարկոմա: Իսկ պրոստատիտը շագանակագեղձի բորբոքային պրոցեսն է, որի մասին քննարկվել է վերևում:

8. Ադենոման կարո՞ղ է վերափոխվել չարորակ ուռուցքի:

Ոչ: Շագանակագեղձի ադենոման և չարորակ ուռուցքը կարող են հանդիպել միասին, սակայն դրանք տարբեր պրոցեսներ են և չեն կարող մեկը մյուսին վերափոխվել: Պետք է նշել, որ ախտանիշները երկուսի դեպքում էլ նույնն են լինում սկզբնական շրջանում:

9. Շագանակագեղձի հիվանդություններն ի՞նչ ախտանիշներով կարող են դրսևորվել:

Վերոնշյալ երեք հիվանդությունների դեպքում էլ հնարավոր է ստորմիզապարկային օբստրուկցիա, որը դժվարացնում է միզապարկի դատարկումը և բերում դրա կոմպենսատոր փոփոխությունների: Սուր պրոստատիտին բնորոշ ախտանիշներն են տարբեր տեղակայման և ինտենսիվության ցավը (շագանակագեղձի, շեքի, փոշտի, առնանդամի, սրբոսկրի, ազդրերի ներսային մակերեսների շրջանում), դիզուրիկ երևույթները (ներառյալ սուր միզակապությունը), տենդը, դողը, սարսուռը և ընդհանուր ինտոքսիկացիայի այլ նշաններ: Խրոնիկ պրոստատիտի դեպքում հիմնական ախտանիշներն են ցավերը, միզարձակության խանգարումները, էրեկտիլ դիսֆունկցիան, ընդհանուր թուլությունը, հոգնածությունը: Շագանակագեղձի ադենոմայի և քաղցկեղի դեպքում գերակշռում են ստորին միզուղիների սիմպտոմները, որոնք բաժանվում են երեք խմբի` իրիտատիվ (հաճախամիզություն, գիշերային հաճախամիզություն, ուրգենտ միզարձակություն), օբստրուկտիվ (դժվարամիզություն, ընդհատվող միզարձակություն, մեզի շիթի թուլացում, միզարձակության սկզբի ուշացում) և միզարձակությունից հետո ախտանիշներ (կաթիլներ միզարձակության վերջում, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում)։

10. Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում շագանակագեղձի չարորակ ուռուցքը:

Շագանակագեղձի չարորակ ուռուցքի տեղային ախտանիշները հիմնականում նույնն են, ինչ ադենոմայի ժամանակ։ Դրանք ստորին միզուղիների ախտանիշներն են, որոնք թվարկվել են վերևում։ Հիվանդության տեղային տարածման, մոտակա կամ հեռակա մետաստազների դեպքում կարող են դիտվել ցավեր գոտկային շրջաններում, ոսկրերում և այլ օրգաններում։ Մետաստազավորման դեպքում կարող են հայտնվել տվյալ օրգանին բնորոշ գանգատներ՝ նյարդաբանական խանգարումներ (գլխուղեղ, ողնաշար), հազ, արյունախխում (թոքեր), հիմնականում ստորին վերջույթների այտուց, ինչպես նաև ուռուցքային ինտոքսիկացիայի ընդհանուր երևույթներ (քաշի կորուստ, ախորժակի իջեցում, սակավարյունություն):


Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր


11. Պրոստատիտն ի՞նչ հնարավոր բարդություններ կարող է ունենալ:

Սուր պրոստատիտի բարդություններից են շագանակագեղձի թարախակույտի առաջացումը, բորբոքման տարածումը հարակից օրգաններին (սերմնաբշտեր, սերմնաթմբիկ, միզուկ, ամորձիներ և այլն)։ Հեռակա բարդություններից են շագանակագեղձի սկլերոզը (կնճռոտում), քարերի, կիստաների առաջացումը, որոնց հետևանքով խանգարվում է նրա նորմալ ֆունկցիան։ Հնարավոր է նաև էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացում, սերմնաժայթքման խանգարումներ և անպտղություն։

12. Ինչի՞ համար է անհրաժեշտ շագանակագեղձի բիոփսիան:

Շագանակագեղձի բիոպսիայի նպատակն է ստանալ շագանակագեղձի հյուսվածք, կատարել նրա հյուսվածքաբանական քննություն և հայտնաբերել, արդյոք գեղձում առկա փոփոխությունները կրում են բարորակ, թե չարորակ բնույթ։ Սովորաբար կիրառվում է շագանակագեղձի տրանսռեկտալ 12 տեղանի բարակասեղային բիոպսիան, որը թույլ է տալիս վստահելի կերպով հաստատել կամ բացառել պրոստատի քաղցկեղը։ Պետք է նշել, որ բիոպսիայի համար ցուցումները դնում է ուրոլոգը՝ ելնելով ՊՍԱ-ի, սոնոգրաֆիկ և մատնային-ռեկտալ քննությունների արդյունքներից։

13. Ի՞նչ կապ կա պրոստատիտի, շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) և շագանակագեղձի չարորակ ուռուցքի միջև:

ՊՍԱ-ն շագանակագեղձի կողմից արտադրվող սպիտակուց է և նրա քանակությունը արյան մեջ փոփոխվում է՝ կապված պրոստատում ընթացող ախտաբանական խնդիրների հետ։ Այն կարող է բարձրանալ սուր պրոստատիտի, շագանակագեղձի բարորակ գերաճի, քաղցկեղի, գեղձի մեխանիկական գրգռման (օրինակ մատնային-ռեկտալ քննություն, կաթետերիզացիա, սուր միզակապություն, խրոնիկ փորկապություն) և այլ դեպքերում։ Սուր պրոստատիտի ժամանակ արյան մեջ կտրուկ կարող է բարձրանալ ՊՍԱ-ի քանակը և բորբոքման ավարտից հետո վերադառնալ սկզբնական թվերին 6 շաբաթից մինչև մի քանի ամիս անց։ Շագանակագեղձի չարորակ ուռուցքի դեպքում ՊՍԱ-ի ուժեղացած արտադրություն է գնում ուռուցքային բջիջների կողմից և նրա քանակը գնալով կարող է աճել։ Որպեսզի տարբերակվի ՊՍԱ-ի բարձրացումը պրոստատիտի, թե չարորակ ուռուցքի հետևանք է, անհրաժեշտ է դիտարկել նաև այլ ախտանիշներն ու կատարել ավելի խորացված հետազոտություններ։

14.  Ի՞նչ է ենթադրում PSA-ն արյան մեջ:

PSA-ն (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն) օրգան սպեցիֆիկ սպիտակուց է, որը հիմնականում արտադրվում է շագանակագեղձում և կատարում է էյակուլյատի խտության և կպչողունակության կարգավորիչի դեր։ Նորմայում քիչ քանակի ՊՍԱ անցնում է էյակուլյատի և շագանակագեղձի սեկրետի մեջ և շատ քիչ քանակ՝արյան հոսք։ ՊՍԱ-ի արտաշագանակագեղձային աղբյուր են հանդիսանում պարաուրետրալ գեղձերը, կաթնագեղձը և ամնիոտիկ հեղուկը։ Արյան մեջ այդ ցուցանիշի բարձրացումը նորմայից վկայում է շագանակագեղձի ֆունկցիոնալ խանգարման մասին և ազդանշան է հանդիսանում հետագա հետազոտությունների ու խնդրի հայտնաբերման համար։

15.  Ի՞նչ անել, երբ PSA ցուցանիչները բարձր են:

Պետք է հիշել, որ ՊՍԱ-ի ցուցանիշները բարձրանում են շագանակագեղձի բազմաթիվ խնդիրների ժամանակ։ Ուստի, այն պետք է քննարկել ընդհանուր համատեքստում, հաշվի առնել նաև  հիվանդի գանգատները, ուղեկցող ախտանիշները, մատնային-ռեկտալ քննության պատասխանը, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները։ Այս ամենի վրա հիմնվելով ուրոլոգը կատարում է տարբերակիչ ախտորոշում, իսկ շագանակագեղձի չարորակ ուռուցքի կասկածի դեպքում՝ բիոպսիա։ Ամեն դեպքում բարձր ՊՍԱ-ն պետք է զգոնացնի հիվանդին և ուղղորդի ուրոլոգի մոտ, քանի որ այն կարող է առաջին հուշող գործոնը հանդիսանալ շագանակագեղձի քաղցկեղի համար։

16. Կարելի՞ է վիրահատել PSA բարձր ցուցանիշների դեպքում:

ՊՍԱ-ի բարձր արժեքները վիրահատության հակացուցում չեն հանդիսանում։ Եթե արդեն կատարվել է շագանակագեղձի բիոպսիա և ախտորոշվել է շագանակագեղձի բարորակ գերաճ, ապա առանց որեէ խնդրի կարելի է վիրահատել (տրանսուրետրալ կամ բաց), եթե կան համապատասխան ցուցումները։ Չարորակ ուռուցքի դեպքում ՊՍԱ-ն օգտագործվում է որպես պրոգնոստիկ և բուժման արդյունավետության, հսկողության միջոց, և, եթե ցուցված է վիրահատական միջամտություն, ապա այն չի կարող արգելք հանդիսանալ։

17. Եթե PSA ցուցանիշը բարձր է 15-ից, արդյո՞ք դա վկայում է մետաստազների մասին:

ՊՍԱ-ի բարձրացումն արտահայտում է բուն շագանակագեղձում ընթացող պրոցեսը։ Ասել, որ 15նգ/մլ-ից բարձր ՊՍԱ-ն վկայում է մետաստազների առկայության մասին, այդքան էլ ճիշտ չէ։ Իհարկե, այն անուղղակիորեն կարող է հուշել պրոցեսի արտահայտվածության մասին (ռիսկի բարձր խումբ 20նգ/մլ-ից բարձր ցուցանիշի դեպքում), սակայն մետաստազների առկայությունը հաստատվում է մագնիսառեզոնանսային շերտագրության, ոսկրերի սկանավորման և պոզիտրոն էմիսիոն շերտագրության/համակարգչային շերտագրության միջոցով։

18. Ուրիշ ի՞նչ հետազոտություններ են իրականացվում շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշման ժամանակ: Ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան:

Շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշման համար հիմնական հետազոտություններն են մատնային-ռեկտալ քննությունը, մեզի ընդհանուր քննությունը և ցանքսը, մեզի չորսբաժականի փորձը, սպերմայի և շագանակագեղձի հյութի բակտերիաբանական քննությունը, ՊՍԱ-ն, տրանսռեկտալ և տրանսաբդոմինալ սոնոգրաֆիան, համակարգչային շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրությունը, անհրաժեշտության դեպքում շագանակագեղձի տրանսռեկտալ կամ տրանսպերինեալ բիոպսիան։ Ժամանակակից ախտորոշիչ մեթոդներից են պոզիտրոն էմիսիոն շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրության հսկողության ներքո շագանակագեղձի բիոպսիան, ՊՍԱ3-ը՝ որը որոշվում է մեզի մեջ։ Նշենք, որ հետազոտման մեթոդները բազմաթիվ են, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բժիշկն է որոշում դրանց անհրաժեշտությունն ու հերթականությունը, որպեսզի դրանց պատասխանների համադրումով կայացնի ճիշտ ախտորոշում։

19. Ինպե՞ս է բուժվում շագանակագեղձի ադենոման:

Շագանակագեղձի ադենոմայի բուժման համար կիրառվում է և դեղորայքային, և վիրահատական բուժում։ Եթե ախտանիշները թեթև են արտահայտված, ապա կարելի է ակտիվ հսկողություն սահմանել։ Միջին և ծանր արտահայտված ախտանիշների դեպքում պացիենտի հետ պետք է քննարկել դեղորայքով կամ վիրահատական ճանապարհով բուժման տարբերակները։ Բուժման տարբեր եղանակներն ունեն իրենց ցուցումները, սակայն, նպատակը մեկն է՝ վերացնել ստորմիզապարկային օբստրուկցիան և/կամ միզապարկի հիպերակտիվությունը և ապահովել ազատ միզարձակությունը։ Այդ նպատակին են ծառայում դեղորայքի այնպիսի խմբերը, որոնք թուլացնում են շագանակագեղձի, միզուկի և միզապարկի հարթ մկանները, ինչպես նաև փոքրացնում շագանակագեղձի ծավալը: Ադենոմայի վիրահատական բուժման մեթոդներն են շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան՝ ՏՈՒՌ (մոնոպոլյար, բիպոլյար կամ լազերային), ըստ ցուցումների ներմիզուկային տարբեր վիրահատությունները (ինցիզիա, միկրոալիքային թերապիա, ասեղային աբլյացիա, լազերային վապորիզացիա) և ադենոմէկտոմիան (բաց վիրահատական մեթոդ)։ 


Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր


20. Պրոստատիտի բուժման ժամանակ ե՞րբ է նշանակվում հակաբիոտիկ, և ի՞նչ անել, եթե դա չի օգնում:

Սուր և խրոնիկ պրոստատիտների ժամանակ հակաբիոտիկներով համապատասխան տևողությամբ բուժման կուրս է նշանակվում այն դեպքերում, երբ հայտնաբերվում են բակտերիաներ։ Ընդ որում, ավելի արդյունավետ է հակաբիոտիկները նշանակել բակտերիաների տեսակը և դեղերի նկատմամբ զգայունությունը որոշելուց հետո։ Եթե բուժման ավարտից հետո ախտանիշները չեն վերանում, ապա պետք է մանրամասն քննարկել, թե կոնկրետ ինչն է ավելի շատ անհանգստացնում պացիենտին և կատարել սիմպտոմատիկ բուժում։

21. Ի՞նչ մոմիկներ են արդյունավետ պրոստատիտի բուժման գործընթացում:

Մոմիկը դեղաձև է, որն ապահովում է դեղանյութի թափանցումը օրգանիզմ ուղիղ աղու լորձաթաղանթից ներծծման միջոցով։ Սուր և խրոնիկ բակտերիալ պրոստատիտների ժամանակ կարելի է օգտագործել հակաբիոտիկներով և հակաբորբոքային մոմիկներ։ Խրոնիկ պրոստատիտի ժամանակ արդյունավետ են բնական հիմքով մոմիկները, որոնք ունեն նաև հակաբորբոքային ազդեցություն։ Ներկայումս առկա են բազմաթիվ դեղեր, որոնք կարող են թեթևացնել տղամարդու գանգատները շագանակագեղձի բորբոքման ժամանակ, այդ թվում են նաև սպազմոլիտիկ և ցավազրկող մոմիկները։ Բայց, պետք է միշտ հիշել, որ գանգատների հայտնվելուց անմիջապես հետո պետք է դիմել բժշկի, որպեսզի ճիշտ ախտորոշում կայացվի և բուժում նշանակվի։

22. Ադենոմայի բուժման ժամանակ որքանո՞վ են արդյունավետ դեղերը:

Ըստ ցուցումների ընտրված դեղորայքը շագանակագեղձի ադենոմայի բուժման համար արդյունավետ է։ Դեղերի հիմնական ֆունկցիան է կարգավորել միզարձակության խնդիրները՝ նվազեցնելով ստորմիզապարկային օբստրուկցիան, շագանակագեղձի ծավալը և միզապարկի հիպերակտիվությունը։ Պետք է հիշել, որ դեղերն այս դեպքում ընդունում են ամեն օր ու երկարատև (ամիսներ, տարիներ)։

23. Արդյո՞ք շագանակագեղձի ադենոմայի դեպքում վիրահատությունն անխուսափելի է:

Շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունը դրա բուժման մեթոդներից մեկն է հանդիսանում։ Եթե վիրահատության համար բացարձակ կամ հարաբերական ցուցումներ չկան, ապա միջին և ծանր արտահայտված ախտանիշների դեպքում կարելի է կիրառել դեղորայքային բուժումը։ Ինչպես նշվել է, այն բավականին արդյունավետ է, և վիրահատկան բուժման կարիք կարող է չառաջանալ։ Վիրահատության ցուցում դրվում է այն դեպքերում, երբ դեղորայքը արդյունավետ չէ կամ հիվանդն է հրաժարվում այն օգտագործել՝ նախընտրելով վիրահատությունը, կամ առաջանում են բարդություններ (միզապարկի քար, կայուն միզակապություն, երիկամային անբավարարություն, կրկնվող հեմատուրիա և այլն)։

24. Ինչու՞ նախընտրելի է վիրահատությունը, քան հորմոնալ դեղերով բուժումը:

Շագանակագեղձի հիվանդությունների բուժման ժամանակ և վիրահատությունը, և հորմոնային օղակի վրա ազդող դեղերով բուժումն ունեն իրենց հստակ ցուցումները։ Ուստի նախընտրությունը պետք է կատարել ելնելով այն սկզբունքից, թե որ դեպքում է հնարավոր ստանալ լավագույն բուժական արդյունք։ Բոլոր այն դեպքերում, երբ դեղորայքի և վիրահատության արդյունավետությունը նույնն է, պետք է քննարկվի բժշկի և հիվանդի միջև։

25. Չարորակ ուռուցքի ժամանակ շագանակագեղձի հեռացումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ պրոստատէկտոմիան կատարվում է ուռուցքի առաջնային օջախը վերացնելու նպատակով։ Այն, ինպես և այլ վիրահատական միջամտությունները, կարող է ուղեկցվել բարդություններով։ Հետվիրահատական շրջանում տղամարդիկ կարող են ունենալ անմիզապահություն կամ միզարձակության դժվարացում, մեզի շիթի թուլացում, էրեկցիայի խանգարումներ, սերմնաժայթքման բացակայություն և այլն։ Նշենք, որ վիրահատական տեխնիկայի լավացման շնորհիվ, ներկայումս այդ բարդությունների հանդիպման հաճախականությունը բավականին նվազել է։

26. Վիրահատությունից հետո ի՞նչ հսկողություն է անհրաժեշտ:

Շագանակագեղձի հեռացումից հետո անհրաժեշտ է գտնվել ուրոլոգի հսկողության ներքո և պարբերաբար ստուգել ՊՍԱ-ի քանակը։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել տարբեր գործիքային հետազոտություններ։ Հետագա հսկողության նպատակն է չարորակ ուռուցքի տեղային աճի կամ մետաստազների առաջացման դեպքում այն անմիջապես հայտնաբերելը և համապատասխան բուժում իրականացնելը։

27. Կա՞ն կանոնակարգեր, որոնք պետք է պահպանի պացիենտը վիրահատությունից հետո:

Վիրահատությունից հետո շատ կարևոր է, որպեսզի պացիենտը հստակ հետևի բժշկի խորհուրդներին և նշանակումներին, սննդակարգին՝ փորկապությունից խուսափելու համար, զերծ մնա ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Հետվիրահատական տարբեր խնդիրների առաջացման դեպքում անմիջապես խորհրդակցել բուժող բժշկի հետ, ցուցումների դեպքում կատարել հատուկ վարժություններ։

28. Ի՞նչ անել, եթե կան միզարձակման խնդիրներ:

Միզարձակության խնդիրների առաջացման դեպքում անպայման պետք է դիմել ուրոլոգի։ Համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո հնարավոր կլինի ճիշտ ախտորոշել, և միայն դրանից հետո կարելի է պացիենտին խորհուրդներ տալ ու բուժում նշանակել։

29. Ինչպե՞ս բուժել պրոստատիտը տանը:

Բժշկի հետ խորհրդակցելուց հետո, եթե որոշում կայացվի բուժում ստանալ տանը, ապա կարելի է ստանալ համապատասխան հակաբորբոքային, հակաբիոտիկներով, ցավազրկող բուժում։

30. Շագանակեղձի ադենոմայի բուժման համար ո՞ր մեթոդն է ամենաարդյունավետը:

Շագանակագեղձի ադենոմայի բուժման մեթոդների մասին խոսվել է վերևում։ Ոչ խիստ արտահայտված ախտանիշների դեպքում դեղորայքային բուժումը կարող է լրիվ բավարարել հիվանդին։ Դեղորայքային բուժման անարդյունավետության և այլ ցուցումների դեպքում առաջանում է վիրահատական բուժման անհրաժեշտություն։

31. Շագանակագեղի չարորակ ուռուցքի ժամանակ կանխատեսումը:

Շագանակագեղձի չարորակ ուռուցքը տղամարդկանց շրջանում երկրորդ տեղն է գրավում։ Սակայն, նրա աճը, մետաստազավորումը դանդաղ են ընթանում, ուստի ժամանակին հայտնաբերումն ու համապատասխան բուժումը շատ կարևոր են։ Երբ չարորակ ուռուցքը հայտնաբերվում է սկզբնական փուլերում, ապա հնարավոր է արմատական բուժում, և այն հիվանդի կյանքի տևողության վրա ազդեցություն չի ունենա։ Քաղցկեղի զարգացման ուշ փուլերում, կախված տեղային տարածման և մետաստազների առկայությունից, կանխատեսումն, իհարկե, ավելի է վատանում։

32. Հնարավո՞ր է ամբողջովին բուժել պրոստատիտը և մոռանալ դրա մասին:

Հարցին միանշանակ պատասխանել, այո կամ ոչ, ճիշտ չէ։ Սովորաբար, սուր բակտերիալ պրոստատիտը հնարավոր է լիարժեք բուժել։ Այն դեպքերում, երբ շագանակագեղձում տեղի են ունենում սպիական փոփոխություններ, արյան հոսքի վատացում, ապա բակտերիաների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ։ Այդ փոփոխությունների հետևանքով խանգարվում է նաև դեղորայքի հասանելիությունը միկրոբներին, և բուժումն ավելի երկարատև բնույթ է կրում։ Ամեն դեպքում հնարավոր է հասնել հիվանդության երկարատև ռեմիսիայի, որը համարվում է պրակտիկորեն առողջացում։

33. Ի՞նչ վերականգնողական միջոցառումներ են առաջարկվում շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ:

Ընդհանուր վերականգնողական միջոցառումներ չկան։ Դրանք կիրառելի են կոնկրետ խնդիրների առաջացման դեպքում, և, քանի որ, ցուցումները խիստ տարբեր են, տարբերվում են նաև այդ վերականգնողական միջոցառումները։

 

34. Արդյունավե՞տ է, արդյոք շագանակագեղձի մերսումը։

Ներկայումս շագանակագեղձի մերսումը խորհուրդ է տրվում, երբ անհրաժեշտ է ստանալ շագանակագեղձի հյութը հետազոտման նպատակով։ Շագանակագեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից ուղեցույցներով մերսումը նշված չէ բուժական միջոցառումների շարքում։ Բուժման գործընթացում մերսման արդյունավետությունն այդքան էլ բարձր չէ, և ավելի ճիշտ է օգտագործել այլ բուժական մեթոդներ։ Որոշ դեպքերում, ինպես, օրինակ, սուր բակտերիալ պրոստատիտը, շագանակագեղձի կիստան կամ քարերը,  ընդհանրապես հակացուցում են հանդիսանում մերսման համար։

35. Պրոստատիտի ժամանակ ժողովրդական բուժման ի՞նչ մեթոդներ կան:

Ժողովրդական բուժման մեթոդների կիրառման հիմնական նպատակն է լավացնել կոնքի, շագանակագեղձի արյունահոսքը, գեղձերի ծորանների անցանելիությունը։ Սովորաբար օգտագործում են տարբեր բուսական և կենդանական հումքով պրեպարատներ, ինպես օրինակ, դդմի կորիզը, պնդուկի արմատից կամ տերևներից պատրաստված թուրմերը, մեղրով թեյերը, երիցուկի թուրմով միկրոհոգնաները, տաք լոգանքները և այլն։ Շատ դեպքերում դրանք հանդիսանում են լրացուցիչ բուժման միջոցներ և չեն հանդիսանում պրոստատիտի բուժման հենաքարերը։

36. Վերականգնվու՞մ է, արդյոք, սեռական ֆունկցիան վիրահատությունից հետո:

Շագանակագեղձի ադենոմայի կապակցությամբ կատարված վիրահատությունները չեն վատացնում սեռական ֆունկցիան (որոշ դեպքերում նույնիսկ դիտվում է լավացում): Ինչ վերաբերվում է քաղցկեղի կապակցությամբ շագանակագեղձի հեռացմանը՝ պրոստատէկտոմիային, ապա այն կատարվում է հստակ ցուցումներով՝ բաց, լապարոսկոպիկ կամ ռոբոտիկ տարբերակներով։ Սեռական ֆունկցիան հնարավոր է պահպանել, եթե կատարվել է նյարդապահպան պրոստատէկտոմիա (կախված է քաղցկեղի տեղային տարածման աստիճանից) և պացիենտը օգտագործում է հատուկ դրա համար նշանակված դեղորայք։

37. Տղամարդու կյանքն առանց շագանակագեղձի:

Շագանակագեղձը հեռացնելուց հետո տղամարդկանց հիմնական անհանգստացնող հարցը շարունակում է մնալ սեռական ֆունկցիայի խանգարումը, որը զգալի իջեցնում է կյանքի որակը։ Պետք է հիշել, որ սեռական ֆունկցիան հնարավոր է վերականգնել (հատկապես նյարդապահպան վիրահատությունից հետո), սակայն, դրա համար պետք է որոշակի ժամանակ և հատուկ դեղորայքային բուժում։ Նշենք, որ վերականգնվում է էրեկցիան, սակայն պացիենտը սերմնաժայթքում չի ունենալու, չնայած, որ պահպանվում է օրգազմի զգացումը։

38. Կարելի՞ է կանխել կամ նվազագույնի հասցնել ադենոմայի առաջացումը: Ի՞նչ պետք է անել դրա համար:

Շագանակագեղձի ադենոմայի առաջացման հիմնական թեորիայի (էնդոկրին) համաձայն այդ հիվանդությունն առաջանում է տղամարդու օրգանիզմում հորմոնալ դիսբալանսի հետևանքով։ Ուստի, նրա կանխարգելման գիտական հաստատված միջոց դեռ հայտնի չէ։ Սակայն, վերացնելով կամ նվազագույնի հասցնելով ռիսկի գործոնների ազդեցությունը օրգանիզմի վրա, հնարավոր է դանդաղեցնել պրոցեսի ընթացքը։ Հիմնական խորհուրդներն են զերծ մնալ սառեցումից, երկարատև նստելուց, խրոնիկ փորկապություններից, վարել ակտիվ կենսակերպ, հետևել սննդակարգին (սահմանափակել ճարպերի, ճարպոտ մսամթերքի քանակը, օգտագործել հիմնականում բանջարեղեն ու մրգեր) և պահպանել ռեգուլյար սեռական ակտիվություն։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...

Ուրո-անդրոլոգիա
Կոնքի ցավ. urolog.am
Կոնքի ցավ. urolog.am

Կոնքի ցավը (pelvic pain) որովայնի ստորին հատվածի կամ ուղիղ աղիքի շրջանի ցավերն են, որոնք տղամարդու մոտ կարող են տարբեր հիվանդությունների ախտանշան լինել։ Այդ հիվանդությունները շատ հաճախ կապված են...

Ուրո-անդրոլոգիա
Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am
Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am

Շագանակագեղձի աբսցեսը օջախային թարախային բորբոքում է, որը զարգանում է որպես սուր պրոստատիտի բարդություն...

Ուրո-անդրոլոգիա
Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am
Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health). urolog.am

Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...

Առողջ կին
Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am
Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am

Արդյո՞ք վիրուսն ախտահարում է արական սեռական օրգանները։

Վիրուսն այնքան հեշտությամբ չի թափանցնում տղամարդու ամորձիներ, որքան` թոքեր կամ աղիներ...

Վարակաբանություն Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am
Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը. urolog.am

Հաճախ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում թլիպի և առնանդամի գլխիկի բորբոքմանը և ուրոլոգին դիմում են միայն սրացման շրջանում, երբ դրանք ծածկվում են բծերով, միզարձակումը դառնում է ցավոտ...

Ուրո-անդրոլոգիա
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...

Ուրո-անդրոլոգիա Անպտղություն
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի ցավ. urolog.am
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...

Ուրո-անդրոլոգիա
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...

Ուրո-անդրոլոգիա
Ցավ ամորձիներում. urolog.am
Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...

Ուրո-անդրոլոգիա
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի...

Ուրո-անդրոլոգիա
Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am
Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am

Միզուկաբորբը դա միզուկի լորձաթաղանթի ախտահարումն է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում միզուկի այտուց և բորբոքում...

Ուրո-անդրոլոգիա
Վերականգնվո՞ւմ է, արդյոք, սեռական ֆունկցիան ուրոլոգիական վիրահատություններից հետո. urolog.am
Վերականգնվո՞ւմ է, արդյոք, սեռական ֆունկցիան ուրոլոգիական վիրահատություններից հետո. urolog.am

Որոշ ուրոլոգիական վիրահատություններից հետո (կոնքի օրգանների վիրահատություններ՝ հատկապես շագանակագեղձ, միզապարկ և հաստ աղիք) տղամարդու մոտ կարող է առաջանալ էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) կամ սեռական այլ խանգարումներ...

Ուրո-անդրոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ